Ադրբեջանի հետ խաղաղության 3 հիմնական սկզբունքները համաձայնեցված են․ Փաշինյան
«Ադրբեջանի հետ խաղաղության 3 հիմնական սկզբունքները համաձայնեցված են։ Եթե կողմերը հավատարիմ մնան այդ սկզբունքներին, ապա խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագրի ստորագրումը դառնում է իրատեսական»,- Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը ներկայացրեց այդ 3 սկզբունքները.
«1.Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը` համապատասխանաբար 29.800 ք/կմ և 86.600 ք/կմ։ Մեր հայացքից չի վրիպել, որ այս թվերի ճշգրտությունը նաև քննադատությունների առարկա ու թիրախ է դառնում։ Այս թվերը վերցված են Խորհրդային Միության վերջին հանրագիտարաններում արձանագրվածից, որտեղ արձանագրվել են Հայկական ԽՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ տարածքների մասին արձանագրումները․ այնտեղ գրված է՝ Հայաստանի Հանրապետություն 29 800 ք/կմ Ադրբեջանական՝ 86 600 ք/կմ։ Ես այստեղ գալուց առաջ ևս մեկ անգամ նայեցի, օրինակ, դա արձանագրված է Հանրագիտարանի 1977 թվականի հրատարակություններում։
2.Կողմերը համաձայնում են դելիմիտացիա իրականացնել Ալմաթիի հռչակագրի հիման վրա։ Սա նշանակում է, որ ըստ էության, ելնել այն իրողությունից, որ Խորհրդային Միության ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցած ադմինիստրատիվ սահմանները դարձել են պետական սահմաններ։
Իհարկե, դելիմիտացիայի ընթացքում առանցքային նշանակություն ունի Ալմաթիի հռչակագրի ընդունման պահի դրությամբ առկա իրադրությունն արձանագրող քարտեզների առկայությունը։ Կա շատ կարևոր հանգամանք, որ կողմերի տիրապետության տակ կան քարտեզներ, որոնք արտահայտում են այդ իրողությունները, հետևաբար կողմերի քաղաքական կամքի առկայության դեպքում այս գործընթացով նույնպես բավականին և արդյունավետ կարելի է առաջ գնալ։
3.Երրորդ սկզբունքը ներառված է նախորդ 2 սկզբունքում` կողմերի ինքնիշխանության իրավազորության հիման վրա բացվում են տարածաշրջանային կոմունիկացիաները։ Դրանք գործելու են փոխադարձության և հավասարության հիմունքներով։
Այս սկզբունքի վերաբերյալ մեր դիրքորոշումները վերջերս ամփոփեցինք «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ամբողջական և հայեցակարգային տեսք տալով»։
Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին՝ Ն.Փաշինյանը նշեց. «Ուզում եմ հույս է հայտնել, որ առաջիկայում մենք կունենանք հատուկ ներկայացուցիչների քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործում, որը վերաբերվում է հետևյալին՝ Հայաստան-Թուրքիա սահմանն այս փուլում բացվում է երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար»:
Նրա խոսքով, բացի քաղաքական պայմանավորվածության, նաև ենթակառուցվածքների ուղղությամբ է աշխատանք արվել, մասնավորապես վերազինման, վերականգնման ուղղությամբ աշխատել ենք Մարգարայի անցակետում. «Մենք այս առումով, ըստ էության, արդեն պատրաստ ենք նման զարգացումների, հույս ունենք այդ պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն»։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Իմ վարչապետության 5 տարին լեցուն են հանրային երջանկություններով և ողբերգություններով
- «Խաղաղության խաչմերո՞ւկ», թե՞ «Խայտառակ խաբեություն». Արմեն Աշոտյան
- Փաշինյանը հրապարակել է խաղաղության երկու սկզբունքները, որոնց շուրջ համաձայնություն է ձեռք բերել Ադրբեջանի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան