Փորձագետ. Ականատես կլինենք էլ ավելի ընդգծված հակառուսական քայլերի ու գործողությունների
«Հայաստանի կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, վարում է ընդգծված հակառուսական քաղաքականություն, նպատակ է դրված Հայաստանն ամբողջությամբ կտրել Ռուսաստանից և տանել դեպի Արևմուտք»,-նման կարծիք է հայտնել «Ժողովրդի ձայնը» փորձագիտական ակումբի փորձագետ, քաղաքագետ Արման Ղուկասյանը:
Նրա խոսքով, այս ճանապարհին Փաշինյանն ու իր թիմը որևէ բանի առջև կանգ չեն առնի, քանի որ հակառուսական քաղաքականությունը Փաշինյանի համար հնարավորություն է պահել իր իշխանությունը։ Ըստ նրա, եթե առաջ նախկիններին մեղադրելով էր նա իշխանությունը պահում, ապա 5 տարի անց այդ միջոցն այլևս էֆեկտիվ չէ:
«Իսկ հակառուսական քաղաքականությունը հնարավորություն է բոլոր մեղքերը, պարտություններն ու ձախողումները բարդել ՌԴ վրա»,-նշել է նա։
Ղուկասյանի խոսքով, Արևմուտքը Հայաստանին երաշխիքներ ու առավել ևս որևէ կոնկրետ առաջարկներ չի տվել։
«Հայ-ռուսական հարաբերություններից հրաժարվելը, ՌԴ հետ դաշնակցային հարաբերությունները խզելը մեզ ուղղակի դնելու է շատ ծանր իրավիճակի մեջ: Ուկրաինայի ու Մոլդովայի օրինակը մեր բոլորիս աչքի առաջ է, և իզուր չէ, որ վերջին շրջանում հատկապես ակտիվացել է Միխայիլ Սահակաշվիլին: Ցավով պետք է նշեմ, որ առաջիկայում ականատես կլինենք էլ ավելի ընդգծված հակառուսական քայլերի ու գործողությունների»,- նշել է նա:
Քաղաքագետի խոսքով, Գրանադայում տեղի ունեցած հանդիպումը Նիկոլ Փաշինյանի պարտությունն էր և դրան հաջորդած Բիշքեկ մեկնելուց հրաժարվելը, որտեղ կարող էր տեղի ունենալ իր և Վլադիմիր Պուտինի հանդիպումը, այդ պարտությունը միայն հաստատեց:
«Պարզ է, որ Ալիևը իր ուզածը ստացել է Արևմուտքից և վստահ ժամանեց ՌԴ նախագահի մոտ, մինչդեռ Փաշինյանը շարունակում է պարտվել դիվանագիտական դաշտում։ Այս ամենի հիմքը դրեց Պրահան, որտեղ Փաշինյանը Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում: Դրան հաջորդեն իննամսյա շրջափակումը, հետո մենք տեսանք վարչապետի ելույթը Ստրասբուրգում, որտեղ Փաշինյանը հերթական անգամ փորձեց իր ձախողումները բարդել Ռուսաստանի վրա: Ապա նա աղմկահարույց հարցազրույց տվեց Wall Street Journal-ին, որում խոսեց ռուս խաղաղապահներից դժգոհելու և ՀՀ-ում ռուսական ռազմաբազաների ապագայի մասին: Փաշինյանի թիմը՝ ռուս խաղաղապահներին վարկաբեկելուց ու Արցախի կորստից հետո, հիմա էլ նպատակ է դրել վարկաբեկել Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազան՝ հեռանկարում ունենալով այն դուրս բերելու նպատակ»,-նշել է նա։
Արման Ղուկասյանը հիշեցրել է հնարավոր ռիսկերի ու վտանգների մասին. «Հայաստանի համար Ռուսաստանը կարևոր է նաև տնտեսական առումով, չմոռանանք ռուսական կապիտալը Հայաստանում և դրա ստեղծած աշխատատեղերը, միլիոնավոր տրանսֆերտները, որ տարեկան ստացվում են ՌԴ-ում ապրող մեր հայրենակիցներից, ՀՀ-ին մատչելի գնով վաճառվող գազը, ներդրումները և այլն»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան