Թումանյանի թանգարանի տնօրեն. Իմ դեմ խմորվող դավադրությունը ստացավ իր մարմինը՝ մեկ հրամանի մեջ խտացված
Անի Եղիազարյանը, ով 2019 թվականից Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրենն է, գրում է.
«Է՜յ, լա՛վ կենաք, ակա՛նջ արեք,
Մի բան պատմեմ հիմի ձեզ... /Հ.Թ./
!!!Ուշադրություն
Հովհ. Թումանյանի մտքերից մեջբերումներ անելը կամ համարձակությունը նրա մասին խոսելու Հայաստանի սահմաններից դուրս համարվում է աններելի քայլ և արժանանում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն կողմից պատժի՝ աշխատանքից հեռացում /և կամ մեծահոգաբար հորդորել սեփական դիմումի համաձայն հեռացում/:
Սա ձևակերպվում է որպես միակ լուծում, քանի որ հակառակ դեպքում կհամարվի Գերատեսչության կողմից ընկրկում, իսկ առանց խոնարհումի և քծնանքի գործելը նախադեպային բնույթ կկրի. շատերի մոտ համարձակություն կծնվի: Վերջինս կարծես այդքան էլ լավ բան չէ:
Կեղծ բարեպաշտության և քաղաքավարության քողի ներքո արդեն ամիսներ շարունակ իմ դեմ խմորվող դավադրությունը ստացավ իր մարմինը՝ մեկ հրամանի մեջ խտացված:
Սակայն վստահ եմ, որ Հովհ. Թումանյան թանգարանի բացառիկ նվիրյալ աշխատակիցների թիմային ու ներդաշն գործելու շնորհիվ շարունակվելու է Հայաստանում և նրա սահմաններից դուրս, անգամ աշխարհի հեռավոր անկյուններում, հայ մարդուն և օտարին հաղորդակից դարձնելու առաքելությունը էն Անհուն աշխարհին, որ կոչվում է Թումանյանական խոսքի, մտքի աշխարհ: Քանի որ ամենուր այն ընդունվել է իբրև լույսի, ճշմարտության, հումանիզմի և իմաստնության ձգտման մի ճանապարհ: Եվ այդ ճախրանքը ոչինչ և ոչ մեկ չի կարող կասեցնել:
ՀՀ ԿԳՄՍ որոշ պաշտոնյաների՝ սեփական անգործությունը քողարկելու համար նման գործելաոճ որդեգրելը միայն ժպիտ է առաջացնում:
Նմանը չունեցող գայլուկը գործեց իր ճիգերի ամբողջ ուժով: Եվ քանի որ կարողություններից շատ էր ճիգը, վրիպումների մի ողջ շղթա հյուսեց:
Հարգելի՛ տիկին նախարար Ժաննա Անդրեասյան, խնդրեմ հնարավորություն տվեք Ձեզ հետ հանդիպումների և բաց զրույցների՝ առանց միջնորդների:
Ճշմարտությունը երբեք չի կորչում: /Հ.Թ./»։
Գրականագետ Հովիկ Չարխչյանը գրում է.
«Տեղեկացա անհեթեթ պատճառաբանությամբ Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանին աշխատանքից ազատելու մասին: Բայց մի՞թե այս երկրում այլևս որևէ հիմնավորում է պետք մարդու կյանքն ու գործունեությունը կարգավորելու համար: Անիի պես խելացի մասնագետ ու ազնիվ մարդ մեր օրերում մոմի ճրագով են փնտրում: Եվ հիմա նրան պատժում են հենց դրա՝ խելացի ու ազնիվ լինելու համար: Իսկ նրանք, որոնք ինքնահաստատվում էին Անիի շվաքի տակ և ներբողներ էին ձոնում այդ կնոջը տնօրեն եղած տարիներին, այսօր բերանները ջուր առած պիտի դիտեն հաշվեհարդարը ու պիտի մեկ անգամ էլ չափեն իրենց փորած փոսերի խորությունն ու լայնությունը:
Անի Եղիազարյանը Անի Եղիազարյան է՝ անկախ տնօրեն լինել-չլինելու հանգամանքից: Անին տնօրեն էր ոչ մյուսների նման, որ կամ թևեր են առնում իրենց չինովնիկ ամուսնու միջնորդությամբ, կամ սեփական ոչնչությունը թաքցնում են մեծանուն նախնու ստվերում կամ էլ նախարարության միջանցքներում մի լավ թրևելուց հետո հանգիստ են վայելում թափուր մնացած աթոռների վրա: Անին ունի այն, ինչ ունենալ չեն կարող մյուսները՝ խելք, գիտելիք, արժանապատվություն և ազնվորեն վաստակած հարգանք: Իսկ նրան ազատողները նույնիսկ ամոթ էլ չունեն»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան