Մախաչկալայի օդանավակայանում անկարգությունների 60 մասնակից ձերբակալվել է
Մախաչկալայի օդանավակայանում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ տուժել է 9 ոստիկան։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել են ՆԳՆ-ից:
«Անօրինական գործողությունների հետևանքով տուժել է ոստիկանության 9 աշխատակից, որոնք ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ, Նրանցից երկուսը գտնվում են հիվանդանոցում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունից հայտնել են, որ Դաղստանի ՆԳՆ աշխատակիցները իրավապահ այլ կառույցների հետ միասին կանխել են խախտումները, այժմ օդանավակայանն ամբողջությամբ գտնվում է իրավապահ մարմինների վերահսկողության տակ:
Նշվում է նաև, որ հաջողվել է պարզել անկարգությունների ավելի քան 150 ակտիվ մասնակիցների ինքնությունը, նրանցից 60-ը ձերբակալվել են: «Ոստիկանությունն իրականացնում է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ՝ միջադեպի բոլոր մասնակիցներին պարզելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։
Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիքովը հավաստիացրել է, որ բոլոր պատասխանատուները արժանի պատիժ կկրեն: Տեղի ունեցածը նա անվանել է դավաճանություն ռուս զինծառայողների նկատմամբ, որոնք այժմ գտնվում են հատուկ ռազմական գործողության գոտում:
Մելիքովի խոսքով ՝ անկարգություն հրահրողները գործել են Ուկրաինայի տարածքից, իսկ նրանք, ովքեր մասնակցել են անկարգություններին, «խաղացել են թշնամու համար»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին Թել Ավիվի չվերթի ժամանումից հետո մի խումբ մարդիկ ներխուժել էին Մախաչկալայի օդանավակայանի թռիչքուղի։ Ըստ տեղեկությունների` նրանք փնտրում էին Իսրայելից ժամանած քաղաքացիների։