«Հրապարակ». Ինչու էին ադրբեջանցիները անցակետը հատող ԱԱԾ և ՆԳ նախարարներին պատանդ են վերցրել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հոկտեմբերի 28-ին տված իր հարցազրույցում խոստովանեց, որ ադրբեջանական կողմն ընտրովի մոտեցում է ցուցաբերել: Իրեն հաջողվել է ուղղաթիռով հասնել Սիսիան, իսկ երեք նախկին նախագահներին ուղղաթիռով չեն տեղափոխել` նրանք առևանգվել և գերի են տարվել Ստեփանակերտից: Նա եթերում ասաց. «Ես չեմ կարող պատասխանել, թե ինչու Ադրբեջանի կողմից կայացվեց նման որոշում, բայց նաև կարող եմ եզրակացնել, որ այդ մարդիկ, որոնք հայտնվել են Ադրբեջանում, ձերբակալվել և տեղափոխվել են Բաքու քաղաքական նպատակներով»:
Շահրամանյանն Արցախի ՊԲ գործող հրամանատարի և իր անվտանգության երկու աշխատակցի հետ ուղղաթիռով է տեղափոխվել։ Շահրամանյանին մոտ կանգնած մեր աղբյուրը վստահեցրեց, որ նախկին նախագահների համար էլ են բանակցել` ուղղաթիռով Հայաստան տեղափոխելու հետ կապված, սակայն Ադրբեջանը չի համաձայնել:
Ավելին, անցակետը հատող ԱԱԾ և ՆԳ նախարարներին պատանդ են վերցրել և հայտարարել` մինչև նախկին նախագահները չհանձնվեն, նրանց չենք ազատի: Այդ մասին իմանալով՝ Ստեփանակերտում գտնվող նախկին նախագահները հանձնվել են ադրբեջանական կողմին, որից հետո ՆԳ նախարար Կարեն Սարգսյանին ու ԱԱԾ տնօրեն Արարատ Մելքումյանին թողել են, որ սահմանն անցնեն, իսկ Շահրամանյանը` ուղղաթիռ նստի: Մեր աղբյուրը Շահրամանյանի հանդեպ նման «բարյացակամությունը» բացատրեց նրանով, որ Արցախի մի քանի օրվա նախագահն ադրբեջանցիների համար չուներ այն նշանակությունը` «սիմվոլիկան», որքան նախկին նախագահները»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում