Մոսկվայում բացվել է «Ուրարտուի թագավորությունը. Հին Հայաստանի ժառանգությունը. Ուրաշու-Հարմինույա-Արմինա» ցուցադրությունը
Հոկտեմբերի 30-ին Մոսկվայի Ա. Ս. Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանում Հայաստանի և Ռուսաստանի առաջատար թանգարանների համագործակցությամբ կայացել է «Ուրարտուի թագավորությունը. Հին Հայաստանի ժառանգությունը. Ուրաշու-Հարմինույա-Արմինա» ցուցադրության պաշտոնական բացման արարողությունը: Այս մասին հայտում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից։
«Միջոցառման բացմանը ներկա էին ինչպես ՌԴ-ում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմը, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի և հայ համայնքի ներկայացուցիչները, Հայաստանի Պատմության և էրեբունի թանգարանների տնօրենները, այնպես էլ ՌԴ Մշակույթի նախարարության և այլ գերատեսչությունների ներկայացուցիչները, ՌԴ պետական պատմական թանգարանի և այլ առաջատար թանգարանների տնօրենները։
Ցուցանմուշները բերվել էին ինչպես «Հայաստանի պատմության» և «Էրեբունի» թանգարաններից, այնպես էլ «Ռուսաստանի պետական պատմական» թանգարանից և «Էրմիտաժից»։
Բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Դեսպանության աշխատակազմի ղեկավար Արտակ Գաբրիելյանը՝ ընթերցելով ՌԴ-ում ՀՀ դեսպանի ուղերձը։ Շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին ցուցադրությունը բարձր մակարդակով կազմակերպելու և Հին Հայկական մշակույթը հանդիսատեսի լայն շրջանակին հասանելի դարձնելու համար՝ ուղերձում նշվեց երկու դաշնակից պետությունների համագործակցությամբ նմանօրինակ նախաձեռնությունների շարունակական կյանքի կոչման անհրաժեշտությունը։
Ի նշանավորումն «Ուրարտուի թագավորությունը. Հին Հայաստանի ժառանգությունը. Ուրաշու-Հարմինույա-Արմինա» ցուցադրության կազմակերպման նպատակով տարված պրոֆեսիոնալ աշխատանքի՝ Դեսպանությանը կից մշակույթի կենտրոնի տնօրեն Վլադիմիր Գաբբեն մշակույթի կենտրոնի հուշամեդալներ և պատվոգրեր հանձնեց ցուցադրության կազմակերպիչներին։
Ողջույնի խոսքով հանդես եկան նաև ՌԴ մշակույթի նախարարության ներկայացուցիչը և ՌԴ մի շարք թանգարանների տնօրեններ։
Ցուցադրությունը այցելուների համար բաց է մինչև 2024 թվականի հունվարի 28-ը»,- ասվում է հաղորդագրությունում։