Արցախցիները դիմել են ԿԽՄԿ՝ իրենց հարազատներին վերահուղարկավորելու հարցով. Զառա Ամատունի
«Շատերը կարծում են, որ ադրբեջանցիները ոչնչացնելու են Լեռնային Ղարաբաղի զինվորական հուշահամալիրները»,- գրել է արցախցի լրագրող Մարութ Վանյանը։
Նա հայտնել է, որ այդ պատճառով բռնի տեղահանված արցախիցները դիմել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակ՝ իրենց հարազատներին վերահուղարկավորելու հարցով։ Արցախցի լրագրողը նաև սեպտեմբերի մեկօրյա պատերազմից հետո Ստեփանակերտի զինվորական հուշահամալիրից լուսանկարներ է հրապարակել։
ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին Panorama.am-ին ասաց, որ նախօրեին հանդիպում եղել է արցախցիների հետ, ովքեր կոնկրետ այդ կարիքով էին եկել։
«Տարբեր տեսակի մարդասիրական հարցերով բաց ենք այն մարդկանց հանդեպ, որոնք ունեն հակամարտությամբ պայմանավորված մարդասիրական խնդիրներ։
Նման հանդիպում եղել է երեկ։ Մենք լսեցինք մարդկանց, որոնք եկել էին կոնկրետ այդ կարիքով։ Բայց դեռ վաղ է խոսել այս ուղղությամբ մեր գործողությունների մասին։ Առաջին հերթին մենք բաց ենք, լսում ենք, բացատրում մեր հնարավոր դերը որպես միջնորդ, սակայն գաղափարը իրականություն դարձնելու համար պահանջվում են որոշումներ, որոնք կայացվում են քաղաքական մակարդակում, որտեղ մենք արդեն գործ չունենք։ Մեր գործն ավելի շատ կլինի ինչ-որ մի պահից սկսած տեղեկությունների փոխանցումը կողմերին, միջնորդել, որպեսզի խնդիրը հասնի համապատասխան իշխանությունների ուշադրությանը»,- ասաց նա։
Զ. Ամատունին նշեց, որ այս պահին վաղ է խոսել որևէ գործուն քայլերի մասին, կփորձեն այս ուղղությամբ շարունակել մտածել ու դիմած արցախցիների կարիքը փորձել բավարարել։
«Այս ուղղությամբ դժվար է պատկերացնել արագ աշխատանք, այս գործը պահանջում է զգուշավորություն և ինչ-որ մի պահից պետք է դառնա քաղաքական որոշում»,- ասաց ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավարը։