Թումանյանի թանգարանի նախկին տնօրենը կդիմի դատարան
Անի Եղիազարյանը, ով 2019 թվականից Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրենն է, երեկ հայտնել էր աշխատանքից ազատվելու մասին՝ նշելով. «Կեղծ բարեպաշտության և քաղաքավարության քողի ներքո արդեն ամիսներ շարունակ իմ դեմ խմորվող դավադրությունը ստացավ իր մարմինը՝ մեկ հրամանի մեջ խտացված»:
Անի Եղիազարյանի գրառմանն արձագանքել էին տասնյակ օգտատերեր, հիմնականում մշակույթի, արվեստի ոլորտից, ովքեր ափսոսանք էին հայտնում, որ պրոֆեսիոնալ, ազնիվ, գրագետ մասնագետին հեռացրել են աշխատանքից։
Panorama.am-ը զրուցել է Անի Եղիազարյանի հետ՝ աշխատանքից հեռացման պատճառների, հետագա գործողությունների մասին։
Panorama.am-Դուք երեկ հայտնեցիք ձեր աշխատանքից հեռացման մասին՝ նշելով, որ Հովհաննես Թումանյանի մտքերից մեջբերումներ անելը կամ համարձակությունը նրա մասին խոսելու Հայաստանի սահմաններից դուրս համարվում է աններելի քայլ և արժանանում է ԿԳՄՍ կողմից պատժի՝ աշխատանքից հեռացում /և կամ մեծահոգաբար հորդորել սեփական դիմումի համաձայն հեռացում/։ Կբացեք փակագծերը՝ ինչո՞ւ եք ազատվել աշխատանքից։
Անի Եղիազարյան-Իմ ազատման հրամանը տրվել է ամսի 27-ին։ Ստացել եմ հրամանը համակարգով 18։00-ից հետո։
Եղել է Հովհաննես Թումանյանի հիշատակի 100-րդ տարելիցի շրջանակում տարեկան նախանշված ծրագիր արտասահմանյան ուղևորություն, որը նաև ունեցել է հրավիրող կողմեր, ամբողջ ծախսային մասն իրենց կողմից է նախանշված եղել։ Դա եղել է նախարարության կողմից հաստատված տարեկան նախագծի շրջանակներում։ Բայց նախարարության որոշակի օղակների անգործության, անփութության, թե միտումնավորության, ես մինչև հիմա չեմ կարողանում դա հասկանալ, ինչու է այդպես եղել, գործընթացը պատշաճ իրենց կողմից չի կազմակերպվել, ես երկրից մեկնել եմ հարկադրված առանց իրենց փաստաթուղթը ստանալու։ Սա է եղել։
Իմ վերադարձին մասնամասն ներկայացրել եմ գործուղման արդյունքները։ Թումանյանի գրական, հասարակական գործունեության նկատմամբ հայ համայնքի, օտարերկրացիներ շրջանում մեծ հետաքրքրություն կա, անգամ առաջարկ է եղել այցերը դարձնել շարունակական ու համագործակցությունը թանգարանի հետ էլ ավելի խորացնել։ Տեղացիների համար բացարձակ անծանոթ, իսկ հայ համայնքի համար շատ նորություններ կան Թումանյանի գործունեության հետ կապված, որոնք կուզենային իմանալ, դպրոցական միջավայրում, բուհական համակարգում դրանք շրջանառել։
Նման գործընթաց է եղել և ինձ համար անակնկալ է եղել նախարարության կողմից աշխատանքից հեռացման որոշման կայացումը, ինչը ենթադրել է տալիս որոշակի բաներ, որ գուցե իրապես խորքային, իրական Թումանյան ներկայացնելը, ոչ մանկագիր և հեքիաթագիր, ինչպես ընդունված է, խորը մտածողության, ազգային, համամարդկային տարբեր խնդիրների շուրջ շերտերի բացումը գուցե մտավախություն է առաջացնո՞ւմ։ Ենթադրում եմ՝ միակ բանը սա պետք է լինի, ոչ ցանկալին սա պետք է դիտարկվի, հակառակ դեպքում ուրիշ որևէ պատճառ չի կարող լինել։
Panorama.am-Այսինքն, այդ անհրաժեշտ հրամանը չի եղել ու առանց դրա եք երկրից դուրս եկել, դա՞ է եղել աշխատանքից հեռացման պատճառը։
Անի Եղիազարյան-Իրավական առումով հիմք պետք է գտնեին։ Այս դեպքում էլ կան լուրջ բացթողումներ, որոնք դատական ընթացակարգով կհիմնավորվեն։ Դիմելու եմ դատարան, բայց ոչ թե որևէ մեկի դեմ բան ունեմ, շատ հարգում եմ բոլորին, ունեմ խորը հարգանք և մեր ոլորտը համակարգող փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանի, և նախարարի նկատմամբ, ուղղակի գործընթացներն այդ մասին են հուշում, որ պետք է գործեմ իրավական դաշտում։
Panorama.am- Նախարար Ժաննա Անդրեասյանի հետ չե՞ք հանդիպել։
Անի Եղիազարյան-Ցավոք սրտի, ոչ։ Մեր հանդիպումն այդպես էլ չկայացավ։ Անընդհատ ջանք եմ գործադրել, ընդունարանում սպասել, որպեսզի այդ հնարավորությունն ունենամ։ Ասել եմ՝ զրույցը շատ կարճ է։ Ցանկության դեպքում հնարավոր էր։
Panorama.am- Արդյո՞ք հնարավոր է միանգամից հեռացնել աշխատանքից, թե նախ պետք է լինեն նախազգուշացումներ։ Ձեր դեպքում միանգամից հրաման է եղել։
Անի Եղիազարյան-Դա էլ է մի փոքր տարօրինակ։ Գոնե մինչև հիմա թվացյալ, ամեն դեպքում, ցույց է տրվել, որ իմ գործունեությունից դժգոհ չեն եղել, ունեցել ենք լավ ձեռքբերումներ մեր թիմային աշխատանքի արդյունքում։ Թանգարանն ունի շատ լուրջ և շատ նվիրյալ մարդկանց կազմ, որոնք անկախ ամեն ինչից, բոլոր դժվարություններից, քիչ վարձատրությունից, հասկանալով, որ այդ ծառայությունը մենք անում ենք մի գաղափարի համար՝ Թումանյանի խոսքը, միտքը մարդկանց մեջ տարածելու։ Այդ մեծ գաղափարով լցված՝ բոլորը մեկ մարդու նման համախմբված աշխատել են, որի արդյունքում թանգարանն իր կայուն տեղն է ստեղծել մեր մշակութային իրականության մեջ։
Panorama.am- Արդեն նշանակվե՞լ է ժամանակավոր պաշտոնակատար։
Անի Եղիազարյան-Որքանով տեղյակ եմ՝ դեռ նշանակում արված չէ։
Panorama.am-Շնորհակալություն հարցերին պատասխանելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Արքմենիկ Նիկողոսյան. Դուք ո՞վ եք, արա․․․
- Թումանյանի թանգարանի տնօրեն. Իմ դեմ խմորվող դավադրությունը ստացավ իր մարմինը՝ մեկ հրամանի մեջ խտացված
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան