«Հրապարակ». Ռոմանոս Պետրոսյանը ստվերային պայքարի մեջ է
«Հրապարակ» թերթը գրում է.
«Թեպետ Նիկոլ Փաշինյանը պատեհ-անպատեհ հայտարարում է, թե իր իշխանությունում թևեր, ճյուղեր չկան, իրենք կուռ, միասնական ուժ են, սակայն իրականում տարբեր անձանց ու կլանների միջև ներիշխանական հուժկու պայքար կա՝ հանուն ազդեցության, դիրքի, փողի։
Ի թիվս այլ համայնքների, Կոտայքի մարզի Արզնի համայնքում կիրակի օրը ՏԻՄ ընտրություններ են կայացել, որոնք ավարտվել են ՔՊ-ից առաջադրված գործող համայնքապետ Ալեքսանդր Միրզոևի պարտությամբ։ Նա մոտ 80 ձայնով պարտվել է մերձավոր ազգականին՝ Ֆելիքս Միրզոևին, ում, մեր տեղեկություններով, ստվերային աջակցում էր նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։ ՔՊ վարչության անդամ, ներկայում ՊՎԾ պետի պաշտոնը զբաղեցնող Պետրոսյանը, փաստորեն, հանդգնել է տակից աշխատել իր կուսակցության դեմ և անգամ հաջողության է հասել։
Մենք քանիցս գրել ենք, որ Ռոմանոս Պետրոսյանը ստվերային պայքարի մեջ է Կոտայքի գործող մարզպետի դեմ և փորձում է մարզը կառավարել: Բանն այն է, որ Ալեքսանդր Միրզոևը ներկայիս մարզպետ Ահարոն Սահակյանի «մարդն» է։ Այս ընտրության ցավալի դրվագն այն է, որ ներիշխանական պայքարում կողմերն օգտագործել են հարազատ հորեղբոր թոռներին` իրար դեմ հանելով: Այս իշխանությունը հիրավի ազգը պառակտելու, հարազատներին միմյանց դեմ թշնամացնելու, բաժան-բաժան անելու հարցում անգերազանցելի է։ Ի դեպ, համայնքի բնակիչների պատմածով՝ հաղթած Միրզոևը որոշակի կապեր ունի կրիմինալի հետ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում