Սիրանուշ Սահակյան. Չեմ բացառում գերեվարվածների մասով նաև անհատական գանգատներ ներկայացնենք ՄԻԵԴ
«Արցախում սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սկսած ռազմական գործողությունների ընթացքում յոթ անձի գերեվարված լինելու վերաբերյալ ունենք հաստատում։ Մեկ դեպք ունենք, որի գերեվարումը դեռևս հաստատված չէ, չենք բացառում, որ ապագայում հաստատում կունենանք»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
Նրա խոսքով, մարտական գործողությունների համատեքստում գերեվարվել է 5 զինծառայող, ևս երկու քաղաքացիական անձինք, որոնք մնացել են իրենց բնակավայրերում։
«Մի դեպք կա, որի վերաբերյալ տեսանյութ կա։ Այն կապված է վիրավոր զինծառայողի հետ։ Մնացյալ դեպքերում տեսանյութեր չկան, հանգամանքները բացահայտվել են այլ ապացույցների արդյունքում»,-ասաց Ս. Սահակյանը։
Հիշեցնենք, որ այսօր քննչական կոմիտեն հրապարակեց տեղեկատվություն, ըստ որի, քննության ներկա փուլում առկա են 16 անձի՝ 6 զինծառայողի գերեվարման և 10 քաղաքացիական անձի առևանգման մասին տվյալներ։ Ադրբեջանի Հանրապետությունը 16 անձանցից միայն 9 անձի մասով է հաստատել իրենց տիրապետության տակ վերջիններիս գտնվելու փաստը, մյուսների մասով կատարվում են համապատասխան գործողություններ։
«Մենք հավաքում ենք դետալային տեղեկատվություն, կարծում եմ, քննչական մարմինների տեղեկատվությունն ավելի ամբողջական է։ Մեր աշխատանքն այնքան քանակական ուղղություն չունի, որքան որակական։ Մենք փորձում են ինտերվյուների, ապացույցների վերլուծության միջոցով շատ ավելի դետալներ պարզել, քան անհետանալու հանգամանքներն են։ Կարող եմ ասել գերիների մասով ունենք ամբողջական տեղեկատվություն, անհետ կորածների մասով աշխատանքներն ընթացքի մեջ են»,-ասաց իրավապաշտպանը։
Փաստաբանի խոսքով, իրենք այս պահին ավելի շատ աշխատում են ՄԱԿ-ի մարդու իրավունքների մեխանիզմների հետ, ՄԻԵԴ-ում գործընթացներ կան, բայց կապված են մինչև վերջին դեպքերը տեղի ունեցած գործընթացների հետ։
«Նոր դեպքերով ձեռնպահ ենք մնում որևէ քայլ ձեռնարկելուց՝ հաշվի առնելով, որ միջպետական գանգատի շրջանակներում գործընթացներ կան։ Իհարկե, միջպետական գանգատը չի բացառում անհատական գանգատների ներկայացումը հատուկ լիազորությունների հիման վրա, բայց քանի որ ընթացող գործընթացներ կան, սպավում է միջանկյալ որոշումների կայացում, առանց այդ զարգացումների մասին տեղեկանալու՝ նպատակահարմար չենք համարում անհատական գործընթացներ իրականացնելը։ Բայց բացառված չէ, որ զոհերի ընտանիքների հետ քննարկումների արդյունքում անհատական գանգատ ներկայացնելու ուղիներ քննարկվեն»,-մանրամասնեց Ս. Սահակյանը։
Հարցին, կա՞ն տվյալներ գերեվարվարումների ընթացքում հնարավոր խոշտանգումների մասին, իրավապաշտպանը նշեց՝ տվյալները ստուգվում են, ուսումնասիրվում են։
«Բացի այդ տեղեկատվությունը շատ սահմանափակ, այն գտնվում է Ադրբեջանի բացառիկ իմացության տիրույթում։ Նման պայմաններում մենք չենք կարող հերքել խոշտանգումը՝ հաշվի առնելով համատարած բնույթը նախորդ գործերով, բայց նաև չենք կարող հաստատել՝ հաշվի առնելով, որ փաստերը դեռ ուսումնասիրվում են և դրանք ամբողջանալուց հետո նոր կկարողանանք պնդում կատարել»,-ասաց իրավապաշտպանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան