Վրաստանում լրագրողների գործունեությանը միջամտելու համար անչափահասներին մեղադրանք է առաջադրվել
Վրաստանում «Ֆորմուլա» հեռուստաընկերության լրագրողի և օպերատորի մասնագիտական գործունեությանը միջամտելու փաստի առթիվ երկու անչափահասի մեղադրանք է առաջադրվել: Ալիք մեդիայի փոխանցմամբ, այս տեղեկությունը տարածել է Վրաստանի հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ):
Ըստ տեղեկության՝ երկու անչափահասներին էլ, դատախազության որոշման հիման վրա, մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի երկրորդ մասով՝ բռնության սպառնալիքի միջոցով լրագրողին մասնագիտական գործունեությանն ապօրինի խոչընդոտում։
«Հետաքննությունը պարզել է, որ 2023 թվականի սեպտեմբերի 1-ին «Ֆորմուլա» հեռուստաընկերության օպերատոր Գագա Բոճորիշվիլին և լրագրող Սալոմե Բոկուչավան Թբիլիսիի մետրոյի «Դելիսի» կայարանի մերձակայքում էին գտնվում՝ նյութ պատրաստելու նպատակով և նկարահանում էին, թե ինչպես են պարեկային ոստիկանության աշխատակիցները բերման ենթարկում քաղաքացուն, և այդ ընթացքում մեղադրյալներն ագրեսիվ պահվածքով հարձակվել և միջամտել են «Ֆորմուլա» հեռուստաընկերության աշխատակիցների մասնագիտական գործունեությանը»,- հաղորդել են Վրաստանի ՀՔԾ-ից: