Տանք, որ ի՞նչ լինի. Ֆինանսների նախարարը՝ ԱՀ կառավարությանը գումար հատկացնելու մասին
«Իմ համար մի քիչ հասկանալի չէ բյուջե սառեցնել հասկացողությունը, որովհետև ֆինանսների նախարարությունը Լեռնային Ղարաբաղի բյուջեին հասանելիություն չունի», - ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ դա Արցախի Հանրապետության բյուջեն է, իրենք են կառավարում իրենց բյուջեն, ՀՀ-ն տրամադրել է վարկային միջոցներ։ Նախարարը հայտնեց, որ վերջին անգամ վարկային միջոցներ տրամադրվել է սեպտեմբերին։
«Ամիսը մի քանի անգամ հատկացումներ ենք ունեցել։ Ամեն ամիս տարբեր չափաբաժիններով գումարները բաժանվել են»,- ասաց Վ.Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ իրենք թոշակ չեն տվել որևէ մեկին, այլ տվել են գումարները Արցախի կառավարությանը, որն էլ որոշել է ինչ անի՝ թոշակ տա, այլ ծախսեր անի։
Հարցին՝ հիմա ինչո՞ւ գումար չի տրվում ԱՀ կառավարությանը, նա պատասխանեց. «Հայաստանում կան բռնի տեղահանված մարդիկ... Այս տարվա համար նախատեսված համարյա ամբողջ գումարը տրամադրված է, շատ փոքր գումար է մնացել, կարծեմ 6 միլիարդ մնացորդ ունենք։ Հիմա այդ գումարները տրամադրում ենք այդ մարդկանց, ովքեր գտվում են Հայաստանում»։
Լրագրողի հարցին՝ այդ մնացորդը չե՞ք տալու, նախարարն ասաց. «Մենք նման որոշում չունենք, որ չենք տալու, բայց ես որևէ պատճառ չեմ տեսնում, թե ինչու պետք է տանք»։
Դիտարկմանը՝ ինչո՞ւ չպետք է տաք, Վ.Հովհաննսյանն ասաց. «Որ տանք, որ ի՞նչ լինի»։
Արձագանքին՝ «որ վճարեն մարդկանց թոշակները», ֆինանսների նախարարն ասաց. «Մենք արդեն վճարում ենք մարդկանց թոշակներին հավասարազոր գումարներ»։
Հարակից հրապարակումներ`
- «Արցախփոստ»-ը՝ կենսաթոշակ և նպաստ տրամադրելու մասին
- Ո՞վ և ե՞րբ պետք է վճարի արցախցիների կենսաթոշակները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան