Չի կարող միջնորդավորված ընտրված նախագահը լուծարել հանրաքվեով անկախացած պետության գոյությունը. Արա Զոհրաբյան
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը, ԱՀ պատգամավորներն այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում մասնակցում են փակ քննարկման։ Ս.Շահրամանյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին:
Հարցին՝ արդյո՞ք ինքը Շուշիում բանակցել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ, ինչպես այդ մասին ասել է Հայկ Խանումյանը, Շահրամանյանն արձագանքեց, որ վերջում հարցերին կպատասխանի։
Քննարկմանը ներկա փաստաբան Արա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Սամվել Շահրամանյանի՝ Արցախի Հանրապետությունը լուծարելու մասին հրամանագիրն իրավական ուժ չունի։
«Չի կարող միջնորդավորված ընտրված նախագահը լուծարել հանրաքվեով անկախացած պետության գոյությունը, չի կարող պետությունը լուծարել»,- ասաց նա։
Զոհրաբյանը նշեց, որ այս հարցը բարձրացվել է փակ հանդիպման ժամանակ, քննարկվել է, սակայն չի կարող պատասխանը հնչեցնել։
Նա ընդգծեց, որ Արցախի Հանրապետությունը չի կարող լուծարվել. «Կգա դեկտեմբեր ամիսը, կտեսնենք, չի կարող լուծարվել»։
Հարցին՝ հնարավո՞ր է Սամվել Շահրամանյանը հրաժարվի իր ստորագրած հրամանից. «Իհարկե, ամեն ինչ էլ կա։ Գերագույն դատարանը կարող է ճանաչել անվավեր։ Ընդհանրապես, իրավական ակտ ընդունած անձը կարող է մեկ այլ իրավական ակտով նույնիսկ անվավեր համարել իր նախորդ ընդունած իրավական ակտը։ Նման գործիքներ կան»։
Հիշեցնենք, որ Շահրամանյանի ստորագրած հրամանագրով՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը լուծարել գերատեսչական բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները։ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։
Արա Զոհրաբյանը հայտնեց, որ փակ քննարկմանը տարբեր հարցեր են քննարկվել, նաև ՀՀ իշխանության-Արցախի իշխանություն համագործակցություն։ Հարցին՝ ՀՀ իշխանությունը պատրա՞ստ է ողջունել, համագործակցել Արցախի իշխանության հետ, Արա Զոհրաբյանն ասաց. «Իմ անձնական կարծիքը. կարող եմ ասել, բնականաբար, Հայաստանի իշխանությունը հրաժարվել է Արցախին սատար կանգնելուց, որի և բարոյական, և իրավական պարտականությունն էր։ Այս վիճակը, որ ունենք, ունենք նաև Հայաստանի իշխանությունների գործուն մասնակցությամբ։ Այս իշխանությունները, ցավոք, հակահայկական կեցվածք ունեն։ Բնականաբար, եթե այս իշխանությունները սրտացավ վերաբերմունք ունենային, մենք այլ վիճակ կունենայինք։ Մենք պետք է մեր հնարավոր միջոցերը, ճնշումները կիրառենք, որպեսզի Արցախի իրավունքների, ինքնորոշման հարցը լուծվի։ Այս իշխանությունը խանգարող հանգամանք է, բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է քննարկենք»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախ վերադարձն օրակարգային հարցերից է. Սամվել Շահրամանյան
- «Ռազմական գործողությունների սկսվելուց ժամեր անց ես հասկացա, որ մենակ ենք». Արցախի նախագահ Շահրամանյան
- Հայաստանը տեղյակ էր Արցախն ինչ է ստորագրում. Շահրամանյան
- Իմ ընտրվելուց հետո չի մշակվել ադրբեջանական ռազմական գործողությունների պլանը. Սամվել Շահրամանյան
- Արցախի Հանրապետությունը լուծարված չէ. Սամվել Շահրամանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան