Ռուբեն Մելիքյան. Որևէ մեկի մտքով չի կարող անցնել ինքնապաշտպանությունը ողջունելու համար քրեական վարույթ նախաձեռնել
Երևանի քրեական դատարանում Տիգրան Ոսկանյանի նախագահությամբ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի դեմ հարուցված քրեական գործով այսօրվա նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 22-ին։
Պաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնեց, որ հետազոտվել է տեսագրությունը, թե ինչ են խոսել «Իմնեմնիմի» փոդքասթի շրջանակներում Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը։ Այս տարվա մարտի 31-ին ձայնագրված ու ապրիլի 1-ին հեռարձակված փոդքասթն է դարձել մեղադրանքի հիմք։
Փոդքասթի ընթացքում հեղինակները ողջունել են դաշնակցական պատգամավոր Մհեր Սահակյանի կողմից իրականացված ինքնապաշտպանությանն ուղղված գործողությունը:
«Երբ մենք դիտեցինք այդ հատվածը, տեսանք, որ մարդիկ չորս անգամ խոսում են ինքնապաշտպանության մասին, այդ ողջունելը վերաբերում է ինքնապաշտպանությանը, ինչը հանցագործություն չէ։ Կարծում եմ, որևէ մեկի մտքով չի կարող անցնել ինքնապաշըպանությունը ողջունելու համար քրեական վարույթ նախաձեռնել»,-ասաց Ռ. Մելիքյանը։
Նա հիշեցրեց, որ ընդդիմադիր պատգամավորի արարքը շատերն են այդ օրերին ողջունել, բայց միայն Նարեկ Սամսոնյանն է պատասխանատվության կանչվել՝ որպես բռնությունն արդարացնող։
«Այսօր նիստում ներկայացվեցին հրապարակային հայտարարությունները, երբ Անդրանիկ Քոչարյանն ասում է՝ Շահրամյանի փոխարեն ինքնասպան կլիներ, մեկը սպառնում է ականջը կտրել, Մեհրաբյան ազգանունով, ցավոքսրտի Ռուբեն անունով մեկը նշում էր, որ ԱԺ 22 պատգամավորների կայն չափալախ տալ հանրային վայրերում։ Այս ամենը հրապարակային են։ Ասում են՝ հետևանք չի առաջացնում, նա առաջացնո՞ւմ է։ Սա քաղաքական հետապնդում է, խտրական մոտեցում է»,-ասաց Մելիքյանը։
Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 31-ին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը Ազգային ժողովում պետաիրավական հանձնաժողովի նիստում բռունցքով հարվածել էր հանձնաժողովի իշխանական նախագահ Վլադիմիր Վարդանյանի հոնքին։ Մհեր Սահակյանին դեպքից հետո խորհրդարանից ոստիկանները բերման են ենթարկել, պատգամավորը երեք օրով ձերբակալվել էր, ապա երկու շաբաթ անց զրկվել պատգամավորական անձեռնմխելիությունից։