Արգիշտի Քյարամյանը՝ Բաբայանին ու Շահրամանյանին հարցաքննելու մասին
«Հայաստանում եթե երբևէ եղել է ընտրովի արդարադատություն, դա վաղուց պատմություն է»,- ԱԺ բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը՝ պատասխանելով հարցին, թե ե՞րբ է վերջ դրվելու ՔԿ կողմից ընտրովի արդարադատությանը։
Անդրադառնալով ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը հրապարակային արված՝ «ականջդ կկտրեմ», «լեզուդ կկտրեմ» արտահայտություններին և հարցին՝ արդյո՞ք դրանք քրեորեն պատժելի արարք չեն, սպառնալիք չեք, Քյարամյանը պատասխանեց․ «Կոնկրետ դեպքի չեմ ուզում անդրադառնալ։ Ես հաստատ կաշկանդված չեմ։ Ես կխնդրեմ, որ կոնկրետ հարցում ուղարկեք, վստահեցնում եմ՝ մանրամասն կներկայացնենք։
Քրեական դատավարության օրենսգրքով պետք է լինի հանցագործության հաղորդում, որը կարող են տալ։ Կարծում եք՝ ես բոլոր գործերին տիրապետո՞ւմ եմ, բացարձակ տեղեկացված չեմ այդ գործի մասին։ Կգնամ, կճշտեմ, կասեմ»։
Հարցին՝ Արցախի Հանրապետության ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը, ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրավիրվե՞լ են Քննչական կոմիտե հարցաքննության, Քյարամյանը ոչ հերքեց, ոչ՝ հաստատեց․ «Այդ հարցին չեմ պատասխանի, որովհետև կան վարույթներ, որոնցով նախաքննությունը հրապարակման ենթարկման չէ»։
Անդրադառնալով ԼՂ-ում Ադրբեջանի կողմից իրականացրած էթնիկ զտումների և դրա ընթացքում կատարված ռազմական հանցագործությունների դեպքերով վարույթին, նա ասաց, որ խոսքը վերաբերում է բացառապես էթնիկ զտման համատեքստում հարուցված քրեական գործին, որովհետև ՔԿ-ն Լեռնային Ղարաբաղի տարածքում տեղի ունեցածի վերաբերյալ քննություն իրականացնելու իրավասություն չունի.«Կան միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներ, օրինակ, ագրեսիվ պատերազմ, պատերազմական հանցագործություններ, մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, այդ թվում՝ էթնիկ զտումը, որը ցեղասպանության հանցակազմի տարր է, որը մեր ազգի հետ տեղի ունեցավ, դրա վերաբերյալ կա հարուցված քրեական վարույթ։ Դա վերաբերում է ինչպես մինչև ռազմական գործողությունները տեղի ունեցած իրողություններին, խոսքը 2022-ի դեկտեմբերից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը և այդ կերպ էթնիկ զտման համար նախադրյալներ ստեղծելու, այնպես էլ դրանից հետո ականատես եղանք, որ կարճ ժամանակահատվածում մեր ազգաբնակչության 100 հազար ներկայացուցիչներ լքեցին իրենց բնօրրանը՝ ստիպված լինելով մահվան սպառնալիքի տակ»։
Նա նաև ասաց, որ ինտենսիվ զբաղվում են և բարձրաստիճան պաշտոնյաների, և ոչ բարձրաստճանի պաշտոնյաների Ադրբեջանի կողմից գերեվարման, խոշտանգման և ցանկացած հարցերով, որոնք վերաբերում են մարդկության դեմ ուղղված հանցակազմին»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան