Արցախցին ուզում է մնալ և ապրել Հայաստանում. Աշխատանքային տոնավաճառ արցախցիների համար
Հոկտեմբերի 31-ին՝ «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ «Artsakh Career Expo»-ն՝ աշխատանքային տոնավաճառն արցախցիների համար։ Բարեգործական նախաձեռնության նպատակը բռնի տեղահանված արցախցիներին աջակցելն է, ներգրավելը՝ զբաղվածության, սոցիալական, կրթական և աշխատանքային կյանքին:
Artsakh Career Expo-ին էր միացել նաև «Դասավանդիր Հայաստան»-ը՝ օգնելու ինչպես սկսնակ, այնպես էլ գործող ուսուցիչներին՝ գտնել համապատասխան աշխատանք և օգտվել առաջարկվող աջակցության ծրագրերից։
Կրթական ծրագրի համալսարանական հավաքագրման մասնագետ Արևիկ Պրազյանը Panorama.am-ի հետ զրույցում առանձնացրեց այն կարևոր կետերը, որոնք կտրամադրվեն արցախցիներին՝ Հայրենիքում ապրելու և աշխատաելու համար։
«Պետք է ասեմ, որ արցախցիների կողմից շատ սպասելի հետաքրքրվածություն կա, քանի որ Արցախում արդեն հինգ տարի է գործուղում ենք մասնագետների, և բավականին մեծ հեղինակություն ունենք արցախցիների շրջանում. բոլորը գալիս են, և գիտեն, թե ծրագիրն ինչի մասին է, և ի՞նչ գործառույթներ է ենթադրում «Դասավանդիր Հայաստան»-ին միանալը։
Հավաքագրման մասնագետը նշեց, որ ծրագրով ոգևորված են՝ և՛ իրենք, և՛ արցախցիները։
«Մենք ունենք հատուկ ուղեցույց, որի հիման վրա նրանք կարող են տեսնել, թե մոտակա, կամ իրենց համար նախընտրելի համայնքներում ինչպիսի թափուր հաստիքներ կան։ Բոլոր այն մարդիկ, ովքեր նախատեսում են տվյալ համայնքում դառնալ ուսուցիչ, կարող են դիմել մեր ծրագրին՝ որպես արդեն գործող ուսուցիչներ։ Իրենք կկարողանան տեղակայվել այդ համայնքներում և օգտվել ծրագրի հնարավորույթուններից՝ «Դասավանդիր Հայասատան»-ի շրջանակներում՝ մենթորություն ունենալ, անցնել վերապատրաստման ակադեմիան, ստանալ հավելավճար, աջակցություն և այլն։ Նշեմ նաև, որ շատերը հետաքրքրված են հենց տեղափոխմամբ, և պատրաստակամություն են հայտնում հասկանալու, թե ինչպես կարող են այս ամենի մասնակիցը դառնալ»,- ասաց նա։
Մեզ հետ զրույցում, տնտեսագետ, վիճակագրության ոլորտի մասնագետ արցախցի կինը ասաց, որ մեծ հուսեր է կապում իրեն առաջարկվող աշխատանքի հետ.
«Ես մեծ ակնկալիքներ ունեմ, ցանկանում եմ իմ մասնագիտությանը համապատասխան աշխատանք գտնել։ Եթե տեղափոխվել ենք Հայաստան, ուրեմն մնալու ենք Հայաստանում։ Այստեղ ինչ-որ բան գտել եմ, հույս ունենանք , որ բարեհաջող կլինի»։
44-օրյա պատերազմից հետո Հադրութից տեղահանված մի կին նշեց, որ իրենք շարունակելու են մնալ, աշխատել և ապրել Հայաստանում.
«Ես քիմիկ եմ, համարյա յոթանասուն տարեկան, ինձ էլ աշխատանքի չեն վերցնի, բայց աղջիկս աշխատանք է փնտրում և մնալու ենք Հայաստանում։
Ինժեներ-շինարար մի տղամարդ էլ նշեց, որ Հայաստանում մնալը կախված է աշխատանքից, սակայն դեռևս համապատասխան աշխատանք չի գտել.
«Եթե աշխատանք չգտնեմ, երևի դուրս գամ, չգիտեմ դեռ՝ ուր»։
Էքսպոյի շրջանակներում ներկայացվեցին նաև կրթական ծրագրեր, մասնագիտացված քոուչերը ներկաներին տվեցին կարիերայի և անձնային աճի մասին խորհուրդներ, եղան ելույթներ մասնագիտական տարբեր թեմաներով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան