Լեմկինի ինստիտուտը հայտարարել է կարմիր դրոշի ահազանգ Հայաստանի համար
Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հայտարարել է կարմիր դրոշի ահազանգ Հայաստանի Հանրապետության համար՝ կապված առաջիկա օրերին և շաբաթներին Ադրբեջանի կողմից Հայաստան ներխուժելու տագնապալի պոտենցիալի հետ։
«Ադրբեջանը վաղուց էր փափագում Հայաստանի հարավային Սյունիքի մարզը, որը վերջին ժամանակներում քննարկվում է որպես Ադրբեջանի կողմից վերահսկելի «Զանգեզուրի միջանցք»-ի մաս։ Հաշվի առնելով տարածաշրջանում տեղի ունեցած վերջին քաղաքական զարգացումները, այդ թվում՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական ներխուժումն Արցախ և դրան հաջորդած տարածքների բռնագրավումը, Ադրբեջանում ու Թուրքիայում տարածված ու հաստատված ցեղասպանական հայատյացությունը՝ ադրբեջանական ներխուժումը ցեղասպանություն վերաճելու վտանգավոր բարձր ռիսկ է պարունակում:
Մենք աշխարհին հիշեցնում ենք, որ ցեղասպանությունը միայն զանգվածային սպանությունների միջոցով չի արտահայտվում։ Ինչպես 2023 թվականի սեպտեմբերին Արցախի վերջին բռնազավթման ժամանակ, ցեղասպանությունը կարող է արտահայտվել նաև կոտորածի, վայրագության, բնիկ տարածքներից բռնի տեղահանման միջոցով, երբ այդ գործողությունների գաղափարախոսությունն ուղղված է ինքնության ամբողջական կամ մասնակի ոչնչացմանը»,-ասված է հայտարարության մեջ։
Ինստիտուտը նշում է, որ արևմտյան տերությունները պետք է օգնեն Հայաստանին ամրապնդելու իր ինքնիշխան սահմանները և դիվանագիտական դիրքերը տարածաշրջանում։ Նրանք կարող են դա անել՝ պնդելով, որ հայկական կողմը վերահսկի իր տարածքով անցնող ցանկացած միջանցք։
Ըստ հայտարարության, արևմտյան երկրները կարող են հետագայում աջակցել Հայաստանին իր ինքնիշխանության ապահովման հարցում՝ ստիպելով Ադրբեջանին դուրս բերել իր զինված ուժերը սահմանամերձ շրջաններից, պատժամիջոցներ կիրառելով Ալիևների ընտանիքի նկատմամբ և կասեցնելով Ադրբեջանի ներկայիս վիզային և էներգետիկ համաձայնագրերը ԵՄ-ի հետ, ինչպես առաջարկվում է Եվրախորհրդարանի հոկտեմբերի 5-ի բանաձևով։
«Եթե արևմտյան աշխարհը շարունակի անտեսել ցեղասպանությունը և արդյունավետ կերպով ընդունեի այն՝ որպես օրինական լուծում անլուծելի այն հակամարտությունների համար, որոնք ստեղծվել և շարունակվում են Ադրբեջանի նման ռեժիմների կողմից, ապա այն ոչ միայն կհայտարարի հետհոլոքոստի աշխարհի կանոնների վրա հիմնված կարգի վերջը, այլև սկիզբ կդնի ցեղասպանության դարաշրջանին, որը կլինի ավելի կործանարար, քան այն, որը բնութագրում է ամբողջ աշխարհում տարածքների և ռեսուրսների վերահսկողության վերջին խելագար շտապողականությունը»,-այսպես ամփոփվում է հայտարարությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան