Ինձ նման երդվյալ ՔՊ-ականն ինչպե՞ս կարող է սեփական թիմի ներսում թևեր ստեղծել. Ռոմանոս Պետրոսյան
«Պետական կառավարման համակարգում գործող բազմաթիվ պաշտոնյաներ, այդ թվում նաև բարձրաստիճան պաշտոնյաներ ազատվել են իրենց աշխատանքից, անցնում են մեր ուսումնասիրությունների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթներով, այս պահին սպասում ենք գործերի՝ դատարան հասնելուն»,- խորհրդարանում ճեպազրույցի ժամանա հայտնեց Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը։
Նա հայտարարեց, թե քանի դեռ դատավճիռներ չկան և մեղքերը ապացուցված չեն դատարանով՝ ինքը կոռեկտ չի համարում անուններ հնչեցնել, բայց օբյեկտիվ լրատվություն տարածող լրատվամիջոցներում այդ անուններին կարող են ծանոթանալ:
Պատասխանելով ՊՆ-ում արված ուսումնասիրությունների մասին հարցին՝ Պետրոսյանն ասաց, որ 2 շաբաթ առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարություն էր տարածել յուղերի, քսայուղերի հետ կապված շուրջ 60 միլիոն դրամի չարաշահումների մասով, ինչն իրենց ուսումասիրություների տվյալների հիման վրա էր վարույթը նախաձեռնվել և որի արդյունքում 6 ձերբակալված կա:
Ռոմանոս Պետրոսյանը հայտնեց, որ իրենց ուսումնասիրությունների արդյունքներում Առողջապահության նախարարության համակարգում շուրջ 600 միլիոն դրամի պետպատվերի միջոցները վերականգնվել են պետբյուջե։
«Դրանք այն միջոցներն են, որոնք թե՛ մասնավոր ԲԿ-ներին, և թե՛ պետական ԲԿ-ներին պետբյուջեից տրամադրվում են պետական պատվերի շրջանակներում որոշակի սոցիալական խմբերի շահառուներին անհետաձգել բժշկական օգնություն կամ հիմնական բուժական միջոցառումները կազմակերպելու և փոխհատուցելու համար»,-ասաց տեսչական մարմնի ղեկավարը։
Պատասխանելով հարցին, թե ըստ հրապարակումների՝ ՔՊ-ն տարբեր ճյուղերի է բաժանվել, որոնցից մեկն էլ Ռոմանոս Պետրոսյանն է ներկայացնում, ով Արզնի համայնքում սատարել է ոչ ՔՊ-ական թեկնածուի՝ Պետրոսյանն ասաց, թե հայտնի են Արզնի համայնքի 5 տարվա ղեկավար ՔՊ-ական համայնքապետի հետ իր հարաբերությունները և, որ 2018 թվականին Ալեքսեյ Միրզոևն իր առաջարկով է անդամակցել կուսակցությանը:
«Ես ինքս եմ այդ գյուղապետին ներգրավել մեր կուսակցության շարքերը, ապա նաև որպես մարզպետ ներկայացրել եմ մեր կուսակցության վարչությանը՝ թեկնածու առաջադրելու ասորական գյուղում մեծամասնական ընտրակարգով, առնվազն անհեթեթ է նման լուր տարածելը։ Պարզապես վերջին ընտրությանը ես Արզնիում որևէ առնչություն չեմ ունեցել»,-հայտարարեց Ռոմանոս Պետրոսյանը և հավելեց. «Չէի էլ պատկերացնում, որ կարող ենք այնտեղ ՔՊ-ական մեր գյուղապետի պարտությունը արձանագրել։ Ինձ նման երդվյալ ՔՊ-ականն ինչպե՞ս կարող է սեփական թիմի ներսում թևեր ստեղծել»։
Հարակից հրապարակումներ`
- Վերին Դվինում քվեարկությանը մասնակցել է ընտրողների 52,94%-ը, Արզնիում` 54,60%-ը
- Վերին Դվին և Արզնի համայնքներում ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը՝ ժամը 14։00-ի դրությամբ
- Վերին Դվին և Արզնի համայնքներում ՏԻՄ ընտրություններ են ընթանում