Ո՛չ թոշակները, ո՛չ հարյուր հազարական դրամները չեն նստել. Սպասենք, տեսնենք՝ ի՞նչ կլինի. Արցախցիները կրկին Աբովյան 9 հասցեում են
Աբովյան 9 հասցեում դեռևս շարունակվում է արցախցիների հոսքը։ Վերջիններս այստեղ են՝ տեղեկանալու իրենց չստացած թոշակների և աշխատավարձերի մասին, իսկ ոմանք էլ պարզապես ուղղորդմամբ են եկել՝ պարզելու, թե ե՞րբ հաշիվները կհամալրվեն խոստացված հարյուր հազարական դրամներով։
«Արցախից եմ, երկրորդ անգամ տեղահանված, առաջին անգամ Ասկերանի շրջանի գյուղ Ավետարանոցից, ապրել եմ Ստեփանակերտում, իսկ հիմա այստեղ եմ, թոշակի հարցով եմ եկել, օգոստոս-սեպտեմբեր ամիսներինը չեմ ստացել»,- Panorama.am-ին ասաց արցախցի Մադլենա Ստեփանյանը՝ նշելով, որ իրեն զգուշացրել են գալ նոյեմբերի 6-ին և «Արցախբանկ»-ից ստանալ թոշակը։
«Շնորհակալ եմ այն բարի մարդկանց, որոնք օժանդակել են մեզ՝ փախստականներիս, կան մարդիկ, որոնք սրտով մեզ հետ են, խոսքեր չունեմ նկարագրելու»,- ավելացրեց տիկին Մադլենան։
Ստեփանակերտցի Սիրուն Բաղդասարյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ դեռևս սեպտեմբերի թոշակը չի ստացել, նրան նույնպես տվել են նույն պատասխանը՝ գալ ամսի 6-ին և փորձել «Արցախբանկ»-ից ստանալ.
«Էլ ոչինչ չունեմ ասելու. ինձ ուղղորդել են, որ պետք է այստեղ դիմել, այստեղից էլ ասացին, որ մի փոքր գումար է եղել, սպառվել է։ Ես և ամուսինս սպասողական վիճակում ենք, տեսնենք՝ ինչ կլինի։ Շնորհակալ ենք, որ օգնել են մեզ, գոնե մնալու տեղ ունենք։ Մի անգամ գնացել ենք Տերյան 105 հասցե, ասել են այլևս չենք գրանցում, բայց «Կարմիր խաչ»-ից օգնություն ստացել ենք»,- նշեց նա։
Կենսաբանության ուսուցչուհի Ռիտա Պողոսյանը ևս Աբովյան 9 էր եկել թոշակ ստանալու հույսով.
«Ես Մարտունու շրջանի Գիշի գյուղից եմ, եկել եմ աշխատավարձի համար. հարյուր հազարն էլ չենք ստացել, ոչ մի օժանդակություն չենք ստացել»,- նշեց նա։
Վերջինս ասաց նաև, որ իրեն տեղեկացրել են, թե թոշակի հարցը լուծարված է։
«Խոսք կար, որ աշխատավարձերը նստել են, փորձենք, տեսնենք կա, թե ոչ։ Աբովյան 5 հասցեում նաև աշխատանքի համար եմ դիմել, բայց Բյուրեղավանում եմ ապրում, այնպիսի աշխատանքներ են առաջարկում, որոնք Երևանում են և դժվար է տեղ հասնելը, հեռու է»,- ավելացրեց նա։
Հավաքվածներից մի քանիսն էլ, ովքեր չցանկացան խոսել տեսախցիկի առաջ, նշեցին, որ եկել են իրենց նպաստը ստանալու, այլ աջակցություն չեն ակնկալում։
«Աշխատակազմի ղեկավարը, որ այստեղ է լինում, լուծում է հարցերը, եթե ոչ՝ ստիպված ենք լինում սպասել»,- ասաց Մասիսի շրջանի գյուղերից մեկում բնակություն հաստատած մի կին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան