Էդուարդ Թոփչյան. Բարձրակարգ նվագախումբ ունենալը Հայաստանի քաղաքականության համար շատ կարևոր է
Հայաստանում Ջուզեպպե Վերդիի բուռն և դրամատիկ «Պարահանդես-դիմակահանդես» օպերան կհնչի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Օպերայի համերգային կատարումը տեղի կունենա Երևանյան 15-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում, նոյեմբերի 3-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
Գլխավոր դերերով հանդես կգան հրավիրյալ անվանի օպերային մեներգիչներ՝ Մարսելո Պուենտե (տենոր), Բոգդան Բաչու (բարիտոն), Եվգենիա Մուրավյովա (սոպրանո), Յուլիա Մեննիբաևա (մեցցո-սոպրանո), Оլգա Պուդովա (սոպրանո), մնացյալ դերերի դերակատարներն են՝ Աշոտ Ղանթարջյան (բաս), Հովհաննես Ներսեսյան (բաս), Հայկ Տիգրանյան (բաս), Արամո Մամիկոնյան (տենոր), Ալեն Մանուկյան (տենոր):
Օպերայի կատարմանը մասնակցում են Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյան) և Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Կարինե Առաքելյան, խմբավար՝ Էմմա Առաքելյան):
Մարսելո Պուենտեն լրագրողների հետ զրույցում պատմեց, որ առաջին անգամ է Հայաստանում և շատ ուրախ է իր այս այցով։
«Ծնվել և մեծացել եմ Արգենտինայում, որտեղ մեծ հայկական համայքն կա։ Հայերի միջավայրում եմ մեծացել, սիրում եմ հայկական ուտեստները, տոլմա, ունեմ շատ հայ ընկերներ, ծանոթ եմ հայոց պատմությանը, մշակույթին։ Շատ երջանիկ եմ՝ գտնվելով Հայաստանում և վայելում եմ այստեղ գտնվելու իմ ամեն րոպեն»,- ասաց նա։
Երգիչը նշեց, որ արդեն մի քանի փորձ ունեցել է հրաշալի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, հրաշալի մաեստրո Թոփչյանի հետ։
Խոսելով համերգային և օպերային կատարումների տարբերություններ մասին՝ Մարսելո Պուենտեն ասաց. «Տարբերություններ կան։ Համերգային կատարման դեպքում չկան հագուստներ, բեմադրություն, ամբողջ ուշադրությունը կենտրոնացած է երաժշտության վրա և որպես երգիչներ դա մեզ համար շատ կարևոր է, ամբողջությամբ երաժշտական նյութի մեջ սուզվել և այս հրաշալի նվագախմբի հետ սա մեծ վայելք է»։
Բոգդան Բաչուն նույնպես առաջին անգամ է Հայաստանում և առաջին համագործակցությունն է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Նա հույս ունի ապագայում ևս առիթ կունենա հրավիրվել ու ելույթներ ունենալ այս նվագախմբի հետ։
«Բարձր մակարդակի նվագախումբ է։ Երբ Էդուարդ Թոփչյանը զանգահարեց և ասաց, որ ուզում է ինձ հրավիրել ելույթի և նշեց, որ հոյակապ նվագախումբ և երգչախումբ ունեն, ես 80 տոկոսով հավատացի դրան, բայց երբ եկա Հայաստան, հասկացա, որ հենց այդպես էլ կա, երգչախմբի ու նվագախմբի կատարումը կարծես ձայնասկավառակի ձայնագրության մակարդակի լինի»,- ասաց Բոգդան Բաչուն։
Նա նշեց, որ զարմացած է՝ Հայաստանն այսպիսի փոքր երկիր է ու ունի մեծ քանակի հիասքանչ երգիչներ, որոնք աշխարհով մեկ հայտնի են։
Պարահանդես-դիմակահանդես» օպերայի դիրիժորն է Էդուարդ Թոփչյանը, ով Մոսկվայի Մեծ թատրոնում քանիցս ղեկավարել է այն՝ հայտնի օպերային ռեժիսոր Դավիթ Լիվերմուրի շքեղ բեմադրությամբ, և մեծ փափագով սպասում է օպերան ներկայացնել հայրենիքում: Թոփչյանը Մեծ թատրոնում պարբերաբար ղեկավարում է նաև Պուչչինիի «Տոսկա» և Վերդիի «Լուիզա Միլլեր» օպերաները:
Լրագրողների հետ զրույցում Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանն ասաց, որ շատ է սիրում օպերաներ։
«Վերջես Մեծ թատրոնում «Պարահանդես-դիմակահանդես»-ի հրաշալի ներկայացումն արվեց, որը ես էի ղեկավարում։ Որոշեցի, որ Հայաստանում էլ անենք։ Ինձ թվում է՝ Հայաստանում չի կատարվել այս գեղեցկագույն, բացառիկ օպերան, կամ եթե կատարվել է՝ երևի 70 տարի առաջ։ Բայց ինձ համար երբեք խնդիրը դա չէ՝ կատարվել է, թե չի կատարվել, այլ խնդիրն այն է՝ ինչպես կատարել։ Ուրախ եմ, որ մենք հիմա առիթ ունենք կատարել այս օպերան և հուսամ՝ Հայաստանում դեռ կան մարդիկ, ովքեր հետաքրքրված են իսկական երաժշտությամբ և կգան, կլսեն»,- ասաց մաեստրո Թոփչյանը։
Նա նշեց, որ Հայաստանում աշխատում է հանուն այն շատ քիչ մարդկանց, ովքեր իրականում գիտեն երաժշտությունը և սիրում են. «Թեև նրանց քանակը քիչ է, բայց շարունակում եմ աշխատել, որ Հայաստանն ունենա այս կարգի նվագախումբ, որը Հայաստանի նույնիսկ քաղաքականության համար շատ կարևոր է, որ այսքան մեր վերքերի մեջ ինչ-որ բաներ աշխատի ու առաջ գնա»։
Վառ մեղեդիներով հարուստ, դրամատիկ ու հոգեբանական ճշմարտացիությամբ աչքի ընկնող «Պարահանդես-դիմակահանդես» օպերան Վերդիի ժառանգության գագաթնակետերից է: Հոգեբանական կոնֆլիկտները, զգացմունքների պայքարը (Ամելիայի, Ռենատոյի և Ռիկկարդոյի միջև) արտահայտված են շեքսպիրյան ոգու հզորությամբ: Գործողությունները լի են սուր կոնտրաստներով՝ մռայլ տեսարաններին փոխարինում են ուրախ տեսարանները, իսկ դրամատիկ հանգուցալուծումը՝ կոմս Ռիկկարդոյի սպանությունը, տեղի է ունենում պարահանդեսի ֆոնին: Օպերայի պրեմիերան տեղի է ունեցել 1859թ.-ի փետրվարի 17-ին, Հռոմի «Ապոլլո» թատրոնում:
Մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին