Հարված ճակատին. Գյուղատնտեսը՝ ՌԴ-ից կարծր ցորենի արտահանման արգելքի մասին
Հարված Հայաստանի ճակատին։ Panorama.am-ի հետ զրույցում այսպես է գնահատում գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարության այն օրինագիծը, որով առաջարկել է 2023 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2024 թվականի մայիսի 31-ը արգելել երկրից կարծր ցորենի արտահանումը: Արգելքը վերաբերում է նաև Հայաստանին։
Գյուղատնտեսը մանրամասնում է՝ կարծր ցորենն (Triticum Durum) օգտագործում են հրուշակեղենի արտադրության մեջ, փափուկ ցորենը՝ (Triticum Aestivum) հացի արտադրության։
«Սա նշանակում է, որ Հայաստանում արտադրվող մակարոնեղենի ու հրուշակեղենի արտադրամասերը խնդիր են ունենալու որակի հետ։ Բացի այդ, պետք է պատրաստի մակարոնեղեն ներկրվի, ինչը բերելու է թանկացման։ Սա հարված էր Հայաստանի ճակատին, հենց փափուկ ցորենի արտահանումն արգելեն, կլինի հարված գոտկատեղից ներքև»,-ասում է նա։
Նախկին պաշտոնյայի խոսքով, որպես ԵԱՏՄ անդամ պետություն, Հայաստանը Մոսկվայում նստած նախարար ու նրա տեղակալ ունի, մինչ հարցը նախագծում արտացոլվելը պետք է նրանք աշխատանք տանեին։
«Այս ահազանգը պետք է վաղուց տեսած լինեին, համապատասխան քննարկում արած լինեին, առաջարկ անեին, Հայաստանի համար այդ արգելքը բացառեին, քանի որ այն ԵԱՏՄ անդամ պետություն է։ Սա նման է այն իրավիճակին, երբ հրշեջ մեքենա չկա ու տուն է հրդեհվում, ի՞նչ կլինի»,-ասաց Հարությունյանը։
Գյուղատնտեսի խոսքով, Հայաստանում կարծր ցորեն գրեթե չի արտադրվում, իսկ հիմնականում օգտագործվում է փափուկ տեսակի ցորեն։ Այս առումով նա ընդգծում է, որ Հայաստանում ցորենի ցանքատարածությունները պակասել են, մկները դաշտերում վխտում են, ունենք պատերազմական վիճակ, կորցրել ենք հողատարածքներ։
«Վերջին տարիներին ես միշտ բարձրաձայնել եմ այս խնդիրների մասին, բայց բանը հասավ նրան, որ սելը կանգնեց բարդոցի տակ։ Որոշ անողնաշարներ, որ ասում էին՝ Ռուսաստանում ցորենը շատ է, միշտ հակադարձում էի՝ ձեզ ի՞նչ, քանի որ Ռուսաստանը մի գիշերում կարող է որոշում ընդունել, ու մենք ոտնատակ ընկնենք»,-նշում է նա։
Նախկին պաշտոնյայի խոսքով, այս իրավիճակում կարծր ցորեն ներմուծելու համար Ռուսաստանին այլընտրանք գտնելը շատ բարդ է լինելու, եվրոպական որևէ երկիր մեզ ցորեն չի տա, Թուրքիան՝ նույնպես։
«Հնարավոր է՝ հակադարձողներ լինեն, ասեն, այլյուր կարող ենք բերել, մինչդեռ ալյուրը պահմանված ժամկետ ունի, որոշ ժամանակը մեկ պահուստները պետք է թարմացվեն։ Մինչդեռ ցորենի պարագայում նման խնդիր չկա։ Այս իրավիճակում, երբ Ռուսաստանում մեծ քանակությամբ բարձր որակի ցորեն են ստանում, ռուբլու փոխարժեքն էլ հաշվի առնելով, շատ նպաստավոր էր, որ գիշեր-ցերեկը ցորենը կրեին, բերեին տան անկյուններից հետ լցնեին։ Ցանկացած արգելք, որը կիրառում է Ռուսաստանը Հայաստանի նկատմամաբ, պետք է ընդունենք ոչ միայն նյութական-տնտեսական, այլ հասկանանք, թե քաղաքական առումով ինչ ազդակ է ու զգուշացում»,-ասաց Ա. Հարությունյանը։
Հարակից հրապարակումներ`
- Աշոտ Հարությունյան. Ի՞նչ գյուղատնտեսության մասին է խոսքը, երբ կրակն անընդհատ մոտենում է հողի մշակին
- Աշոտ Հարությունյան. Հիմա թող իշխանությունն ասի՝ հիմնահատակ կործանե՞լ են գյուղատնտեսության ոլորտը, թե՞...
- Թշնամուն հանձնված Քարվաճառի էներգետիկ համակարգի նշանակությունը Հայաստանի համար. «Արցախը հետ բերենք, որ լավ ապրենք»
- «Արցախը հետ բերենք, որ լավ ապրենք». Գյուղատնտեսի հիմնավորումները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին