Երևանում քննարկվել են ժամանակակից կինոյի զարգացման, տարածման, համարտադրության խնդիրները
ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային կինոկենտրոնը նոյեմբերի 2-3-ը Երևանում անցկացնում է միջազգային համաժողով՝ նվիրված Հայ կինոյի 100-ամյա հոբելյանին։
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ համաժողովը մեկնարկել է նոյեմբերի 2-ին, որին մասնակցում են Եվրոպայի և Ասիայի երկրների կինոլորտի առաջատար մասնագետները։ Այս հարթակը մեկտեղել է արտերկրի և հայրենական կինոլորտի ներկայացուցիչներին, կինոյի պատմաբաններին, կինոգետներին և ոլորտն ուսումնասիրող մասնագետներին: Օրակարգում քննարկվելու են կինոյի զարգացման, պահպանման ու տարածման նորագույն ուղիները, ինչպես նաև նոր դարաշրջանում՝ ժամանակակից կինոյի զարգացման, տարածման, համարտադրության խնդիրները:
Համաժողովը բացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի ուղերձով՝ ուղղված համաժողովի մասնակիցներին: Ողջունելով կինոլորտում քաղաքականություն մշակող, կիրարկող և կինոլորտը ներկայացնող մասնագետներին՝ նախարարը նշել է, որ բոլորին միավորել և Հայաստան է բերել Հայ կինոն, որն այս տարի նշում է հիմնադրման 100-ամյակը. «Մեզ համար անչափ կարևոր է, որ այս իրադարձությունը Հայաստանի հետ միասին նշում է աշխարհի մշակութային հանրությունը, ինչի վառ վկայությունն է նաև այն փաստը, որ Հայ կինոյի 100-ամյակն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նշանակալի իրադարձությունների և նշանավոր անձանց ցանկում։ Մենք մեծ պատասխանատվությամբ ենք մոտեցել հոբելյանական ծրագրերի իրականացմանը։ Հայկական կինոն ներկայացվեց բազմաթիվ միջազգային կինոփառատոներին, կայացան բազմաբնույթ միջոցառումներ Հայաստանում և արտերկրում, պատրաստվեցին և հրապարակվեցին գրքեր ու պատկերագրքեր՝ հայ կինոյի պատմության և երախտավորների մասին»։
Նախարարը խորհրդանշական է համարել՝ հոբելյանական միջոցառումների եզրափակումը միջազգային գիտաժողովով, ինչը, իրավամբ, Հայ կինոյի արժևորումն է ընդհանուր քաղաքակրթական արժեհամակարգում։
«Հայ կինոյի 100-ամյակին նվիրված երկօրյա գիտաժողովը լավագույն հնարավորությունն է կրկին վերարժևորելու մեր կինոժառանգությունը, առհասարակ խոսելու կինոլորտի խնդիրների և ձեռքբերումների մասին, կիսվելու այն փորձառությամբ, որն ունեն երկրները՝ կինոլորտը զարգացնելու համար: Շնորհավորում եմ բոլորին գիտաժողովի բացման կապակցությամբ և մաղթում հետաքրքիր, արդյունավետ աշխատանք»,- ասված էր նախարարի ուղերձում, որն ընթերցել է նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը:
Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը բացման խոսքում շնորհակալություն է հայտնել կինոլորտի մասնագետներին՝ Հայ կինոյի 100-ամյակին նվիրված համաժողովին իրենց մասնակցությունը բերելու համար. «Հայ կինոն 100 տարեկան է, ինչը, իրավամբ, առիթ է հպարտանալու մեկդարյա հարուստ կինոժառանգությամբ: 100 տարվա ընթացքում, սկսած համր ֆիլմերից, մեր ֆիլմերը շարունակում են ներկայանալ միջազգային լավագույն հարթակներում՝ գրանցելով հաջողություններ»:
Շուշանիկ Միրզախանյանը ներկայացրել է վերջին տարիների, մասնավորապես՝ 2019 թվականից ի վեր Հայաստանի ազգային կինոկենտրոնում առկա նոր գործընթացները, որոնց առանցքում միջազգային չափանիշներին համահունչ ֆիլմերի վերականգնմանն ու 100-ամյա կինոժառանգության հանրահռչակմանն ուղղված աշխատանքներն և ձեռքբերումներն են աշխարհի հեղինակավոր հարթակներում: Այս համատեքստում տնօրենը մատնանշել է վերականգնված և տարբեր հեղինակավոր հարթակներում ներկայացված ֆիլմերը և հավելել, որ այդ համագործակցությունները շարունակական են՝ արձանագրելով. «Նոյեմբերի 3-ին Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում (МоМА) առաջին անգամ կցուցադրվի Հայ կինոյի հիմնադիր Համո Բեկնազարյանի «Խաս Փուշ» (1928 թ․) ֆիլմը՝ 35 մմ ժապավենային տարբերակով։ Հայաստանի ազգային կինոկենտրոնը МоМА-ի հետ համագործակցության արդյունքում ցուցադրության նպատակով թանգարանին է տրամադրել իր արխիվում պահվող ֆիլմի ժապավենը։ Հատկանշական է, որ սա հայկական երկրորդ ֆիլմն է, որը ցուցադրվելու է աշխարհի հեղինակավոր թանգարաններից մեկում։ Առաջինը ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» (1967 թ.) 4K վերականգնված ֆիլմի նոր 35 մմ ժապավենային տարբերակն էր, որը ցուցադրվել է 2021 թ․ հունվարին և վերջինիս մեկ օրինակը պահպանության է հանձնվել Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանին»։
Համաժողովին տեսակապի միջոցով ողջույնի խոսք է հղել նաև Եվրոպայի աուդիովիզուալ օբսերվատորիայի տնօրեն Սուսաննա Նիկոլչևը: Իր խոսքում Սուսաննա Նիկոլչևն անդրադարձել է նաև կինոարտադրությանն առնչվող մի շարք հարցերի:
Հայ կինոյի նորովի բացահայտման և հարյուրամյա հայկական կինոժառանգության վերագնահատման, կինոյի պատմության փուլերն ու դրանց կարևորությունը համաշխարհային կինոյի ներկապնակում ներկայացրել են համաժողովի մասնակիցներն իրենց զեկույցներում:
«Հայ կինո 100» խորագրի ներքո զեկուցումներով հանդես են եկել կինոլորտի անվանի մասնագետներ Ժոել Շապրոն («Խորհրդային և հետխորհրդային հայկական ֆիլմերը Կաննի կինոփառատոնում և ֆրանսիական կինոթատրոններում»), Անետա Երզնկյանը («Հայ կինո 100. ավանդույթներ և նորարարություններ»), Անուշ Վարդանյանը (««Նամուս»-ը որպես մետասյուժե․ հայկական առաջին ֆիլմերի առասպելաբանական ծագումը»), Սեմ Գոֆֆը («Կապ հաստատել․ ներկայացնելով հայ կինոյի գոհարները միջազգային հանդիսատեսին») թեմաներով:
Կինոժառանգության պահպանման, վերականգնման և տարածման մեխանիզմները թեմայով զեկուցումները ներկայացրել են Գրիգորի Կակաբաձեն («Կինոժառանգություն․ ոչնչացում և վերականգնում»), Թեջաս Պագարը («Ֆիլմերի պահպանումը՝ որպես մշակութային ժառանգության մաս»), Անկե Հանը («Կինոժառանգությունն առցանց»), Պետր Ռիժենկովը («8K սկանավորումը՝ որպես արխիվների պահպանման և դրամայնացման երաշխիք»), Դենիել Բըրդը («Ընդդեմ վերականգնման, կամ ինչպես ես սովորեցի դադարել անհանգստանալ և սիրել քերծվածքները»), Լուկաշ Սերանկան («Լեհ-հայկական համագործակցությունը կինոժառանգության վերականգնման գործում»), Սեսիլիա Չենչիարելլին («Փարաջանովի «Նռան գույնի» անհնարին վերականգնումը»), Նաիրի Գալստյանը ( «Սերգեյ Փարաջանովի հայկական պարադոքսը»):
Համաժողովի առանցքային թեմաներից է նաև կանանց ներդրումը կինոյում. Ֆրանսուազա Նավայլ («Կանանց ներդրումը կինոյում», Լեոնարդո Ֆիլաստո՝ «Կինոյի այլ պատմությունը»), Կարեն Ավետիսյան («Գենդերային պարիտետի քաղաքականության միտումները միջազգային կինոփառատոներում»), Սոնա Կարապողոսյան («Կանայք հայկական անիմացիայում»), Աննա Բախշյան («Հայկական համր կինոյի առաջատար դերասանուհիները»), Ջոզեփ Օվեն («Զրկված լինելու արվեստը․ Վիտալինա Վարելայի և Պեդրո Կոշտայի համագործակցությունը»), Անահիտ Աբադ («Կին ռեժիսորները իրանական կինոյում»):
Համաժողովի երկրորդ օրը տեղի կունենան պանելային քննարկումներ՝ «Պետական քաղաքականությունն ու կառավարման համակարգերը տեսալսողական ոլորտում», «Կինոարտադրության զարգացման և կինոարտադրանքի տարածման մեխանիզմներն և հեռանկարները», «Ֆիլմերի համատեղ արտադրությունը որպես միջմշակութային համագործակցության խթանման միջոց», «Կինոժառանգության վերականգնում․ մարտահրավերներ և հնարավորություններ», «Կինոժառանգության վերականգնում․ մարտահրավերներ և հնարավորություններ» թեմաներով: Հայ կինոյի 100-ամյա հոբելյանին նվիրված համաժողովը կամփոփվի կլոր-սեղան քննարկմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին