Հայաստանի 4 համայնքի բնակիչները 2024 թ.-ին կկարողանան քվեարկությամբ ընտրել սուբվենցիոն ծրագրեր
«Մենք ունենք օրենսդրությամբ սահմանված մեխանիզմներ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մակարդակում հանրային կյանքին և հանրային ֆինանսների կառավարման գործընթացին քաղաքացիների մասնակցության վերաբերյալ, սակայն բազմաթիվ փորձագետներ նշում են, որ այդ մասնակցության մակարդակը բավականին ցածր է»,-կառավարության նիստում հայտարարեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
Նախարարը զեկուցեց Հայաստանի համայնքներում մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը:
Նա հայտնեց, որ 4 համայնքում՝ Արագածոտնի մարզի Աշտարակ, Կոտայքի մարզի Աբովյան, Վայոց ձորի Ջերմուկ և Արմավիրի մարզի Արմավիր, ընթացիկ տարում բաց կառավարման գործընկերության նախագծի միջոցով արդեն իրականացվում են պիլոտային ծրագրեր:
Հովհաննիսյանի խոսքով, 2024 թվականի բյուջեով նախատեսվել է 500 մլն դրամ մասնակցային սկզբունքով սուբվենցիոն ծրագրերի համար:
«Նախագիծը սահմանում է, թե այդ համայնքների միջև ինչպես պետք է բաշխվի 500 մլն դրամը, և կանոնակարգում է մասնակցային բյուջետավորման գործընթացի հետ կապված հիմնական հարաբերությունները»,-հայտնեց նախարարը և բացատրեց, որ խոսքը գնում է համայնքի բնակիչների կողմից առաջարկ-նախագծերի ներկայացմանը, դրանց հրապարակմանը և հանրային քննարկմանը, նախագծերի վերաբերյալ քվեարկությանը, դրանց հիման վրա սուբվենցիոն ծրագրի մշակմանը, սուբվենցիոն հայտի կազմմանը, սուբվենցիայի հատկացման ընթացակարգերին և այլն:
Նախարարը տեղեկացրեց, որ նման ծրագրերում պետության համաֆինանսավորումը կարող է հասնել մինչև 80%:
Հաջորդ տարվա բյուջեով հատկացվող գումարը նախատեսված է Աշտարակ, Աբովյան, Ջերմուկ և Արմավիր համայքների համար:
Նախագծերի ընտրության ժամանակ համայնքի բնակիչների քվեարկության ընթցակարգը քննարկելիս Նիկոլ Փաշինյանը կատակեց, թե օբյեկտիվությունը պահպանելու համար կարելի է ԿԸՀ-ին ներգրավել գործընթացում:
Հարակից հրապարակումներ`
- 1.8 մլրդ՝ համայնքների 30 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար
- Բյուջեից 3.4 մլրդ դրամ՝ համայնքների իրկանացրած 29 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար
- ՏԿԵ նախարարը սուբվենցիաների պետության մասնաբաժնի փոխարեն հրապարակեց նաև համայնքների ներդրումների գումարները