Գերագույն հոգևոր խորհրդի անդամներն այցելել են հայրենազրկված արցախահայերին
Նոյեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գերագույն հոգևոր խորհրդի անդամների ուղեկցությամբ, այցելել է Կոտայքի թեմի Ծաղկաձորի թեմապատկան ճամբար, որտեղ ապաստան են գտել Արցախից բռնի տեղահանված 38 ընտանիքներ։
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, Հայոց Հայրապետը, իր օրհնությունն ու հայրական սերը փոխանցելով արցախցիներին, ընդգծել է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր աշխարհասփյուռ թեմերով այս օրերին լծված է Արցախից բռնի տեղահանված մեր զավակների հոգևոր, հումանիտար և սոցիալական կարիքների հոգածության աշխատանքներին։ Տեղահանված արցախցիներին թեմապատկան կառույցներում կացարաններով ապահովմանը և սոցիալական աջակցության ծրագրերին զուգահեռ իրականացվում է նաև հոգեխնամ առաքելություն։
Հայոց Հայրապետն արցախահայերին պատգամել է զինվել հավատքով, հույսով և ապագայի նկատմամբ լավատեսության ոգով։ Նորին Սրբությունը վստահություն է հայտնել, որ Աստծո օգնականությամբ և միասնական ջանքերով Արցախի մեր զավակները կկարողանան հաղթահարել իրենց առջև ծառացած փորձություններն ու մարտահրավերները։
Հայոց Հովվապետը և ԳՀԽ անդամները նաև հետաքրքրվել են արցախցիների կեցության պայմաններով, նրանց կարիքներով՝ ընդգծելով, որ աջակցության ծրագրերը կլինեն շարունակական: