Այսօր ունենք երկու սպառնալիք՝ թուրք-ադրբեջանական և Հայաստանի թրքահպատակ ռեժիմը. Շարմազանով
«ՀՀԿ-ն այսօր նույն գծի մեջ է, որը պատգամել է Աշոտ Նավաարդյանը։ Թե այն ժամանակ մենք պայքար էինք մղում անկախության համար, թե այսօր է գնում պայքար անկախության համար, բայց այսօր կա մեկ տարբերություն»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողներին ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
ՀՀԿ գործիչները Եռաբլուր են այցելել ՀՀԿ հիմնադիր նախագահ Աշոտ Նավասարդյանի մահվան տարելիցի առիթով։
Շարմազանովի խոսքով, եթե 1990-ականներին հիմանական սպառնալիքը թուրքերն ու ադրբեջանցիներն էին, ապա այսօր մենք ունենք երկու սպառնալիք՝ թուրք-ադրբեջանական արտաքին սպառնալիքը, երկրորդ՝ Հայաստանի թրքահպատակ ռեժիմը, որը կեղծ թեզեր շրջանառելով և «անկախության ու ինքնիշխանության» թեզերի տակ Հայաստանը տանում է դեպի թուրքական վիլայեթացում։
«Սա ավելի վտանգավոր է. կեղծ քրիստոնյաները, կեղծ մարգարեները, կեղծ ազգայնականները շատ ավելի վտանգավոր են իրական թշնամիներից»,- ասաց Շարմազանովը։
Նրա խոսքով, շատ բարդ ժամանակաշրջան է, իրոք, Հայաստանի Հանրապետության բովանդակային գոյությունը իրական սպառնալիքի տակ է։
«Հայաստանի երրորդ հանրապետությունը, որի հիմնադիրներից է Աշոտ Նավասարդյանը, նաև Հանրապետականը, այլևս գոյություն չունի, որովհետև երրորդ հանրապետության հիմքը դա Արցախյան շարժում էր, հայկական Արցախն էր, իսկ այսօրվա կառավարիչները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, արդեն տարիուկես է հրապարակային հրաժարվել են Արցախից, Արցախը հաջողությամբ ճանաչել են Ադրբեջանի մաս, հիմա էլ բյուջե են քննարկում, որտեղ Արցախի մասին ոչ մի տող չկա»,- ասաց Շարմազանովը։
Միաժամանակ նա հիշեցրեց Աշոտ Նավասարդյանի գլխավոր պատգամը՝ «նույնիսկ ամենաբարդ, ամենաողբերգական շրջանում անկախ ազգային պետության գաղափարից, պայքարից չհրաժարվել»։