Միջազգայնագետ. Իսրայելի ծախսերը մեկ ամսում գերազանցել են 7 միլիարդ դոլարը
«ԱՄՆ-ն ընդլայնում է իր օգնության զինանոցը։ ԱՄՆ հատուկ գործողությունների ուժերն արդեն Իսրայելում են»,-Համասի դեմ Իսրայելի պատերազմի միջանկյալ արդյունքները ամփոփելով՝ գրել է պ.գ.թ., միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանը։
Հիշեցնենք, որ հինգ օրից կլրանա պատերազմի մեկնարկի մեկ ամիս։
Մելքոնյանի խոսքով, ԱՄՆ ուժերը մարտական առաջադրանքներ չեն իրականացնում։ Հավանաբար նրանք ներգրավված կլինեն պատանդների փրկության գործողության մեջ։
«Իսրայելի հետ հարաբերությունների սառեցման գործընթացը մեկնարկել է. Բահրեյնը, Հորդանանը, Չիլին և Կոլումբիան Իսրայելից հետ են կանչել իրենց դեսպաններին։ Դեռ վաղ է խոսել քաղաքական-դիվանագիտական երկխոսության լիակատար ընդմիջման մասին։ Բայց միտումը նկատելի է։
Իսրայելական բանակի կորուստների թիվն ավելի մեծ է, քան Երկրորդ լիբանանյան պատերազմում, որի աշխարհագրությունը շատ ավելի լայն էր և տևեց մոտավորապես նույնքան օր։ Այսօրվա դրությամբ հաստատվել է 326 զոհ։ Վիրավորների ստույգ թիվը չի հաղորդվում։ Տարբեր գնահատականներով նրանց թիվը գերազանցում է 1000-ը։
Պատերազմը թանկ է։ Տարբեր գնահատականներով Իսրայելի ծախսերը մեկ ամսում գերազանցել են 7 միլիարդ դոլարը, սակայն դրա ազդեցությունը տնտեսության վրա պարզ կդառնա ժամանակի ընթացքում։
Իսրայելի ռազմավարության կանխատեսումը մինչ այժմ հաստատվել է՝ վերահսկողություն սահմանել անկլավի հյուսիսային հատվածում և մաքրել ենթակառուցվածքները։ Եթե ամեն ինչ լավ ընթանա, ավելի առաջ շարժվել դեպի հարավային հատված և լիարժեք վերահսկողություն հաստատել»,-մանրամասնել է միջազգայնագետը։
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելի Պաշտպանության բանակը հայտարարել է Գազա քաղաքի շրջափակման մասին
- Եթե Թուրքիան հիմա չգործի, Իսրայելը Թուրքիայի դեմ քայլեր կձեռնարկի․ պաղեստինցի ակտիվիստ
- Իսրայելը մերկացնում է պաղեստինյան «մեռյալներին»
- Իսրայելը, ՀԱՄԱՍ-ը և Եգիպտոսը պայմանավորվել են Գազայից դուրս բերել օտարերկրացիներին և ծանր վիրավորներին
- Թուրքիայի փաստաբանների միությունը մտադիր է դատի տալ Իսրայելին