Թավջութակահար Նարեկ Հախնազարյանը Հայաստանում առաջին անգամ հանդես կգա որպես դիրիժոր
Աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը Հայաստանում առաջին անգամ հանդես կգա որպես դիրիժոր՝ համագործակցելով ԵՊԿ Օպերային ստուդիայի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը։
«Սեպտեմբեր ամսին մեր գլխին պայթած անպատմելի աղետից հետո կարծեք թե ամեն բան այլևս անիմաստ է։ Երկար խորհելուց հետո հասկացանք, որ պարտավոր ենք շարունակել ապրել, ստեղծագործել, կրթվել և առաջ գնալ։ Նոյեմբերի 20-ին և 21-ին օպերային ստուդիայում ներկայացնելու ենք Գլյուկի «Օրփեոս և Էվրիդիկե»-ի վերականգնված տարբերակը։
Այս անգամ ուրախալի անակնկալ ունենք. աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը առաջին անգամ Հայաստանում հանդես կգա որպես դիրիժոր»,- գրել է Հասմիկ Պապյանը։
Հիշեցնենք, որ 2021 թ. հայ հանդիսատեսն առաջին անգամ ունկնդրել էր բարոկկո ոճի օպերային ներկայացում։ Հուլիսին Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայում հայ հանդիսատեսի համար ներկայացվել էր Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկի հանրահայտ «Օրփեոս և Էվրիդիկե» օպերան։
18-րդ դարի հանրահայտ օպերան իր շուրջ էր համախմբել հայ ստեղծագործողների Հայաստանից, ԱՄՆ-ից և Ֆրանսիայից: Այն կյանքի էր կոչվել Երևանի պետական կոնսերվատորիայի Օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար Հասմիկ Պապյանի, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդվարդ Թոփչյանի, Ֆրանսիայից ժամանած դիրիժոր Սուրեն Շահիջյանյանի, ռեժիսոր Վռամ Կարապետյանի, Նյու Յորքում բնակվող նկարիչ Տիգրան Ձիթողցյանի (ով նաև պաստառի հեղինակն է), խորեոգրաֆ Արման Բալմանուկյանի և այլոց շնորհիվ։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին