Մի բուռ հող, մեդալ, մաքրամե. Ի՞նչ են հասցրել վերցնել Արցախից բռնագաղթած երեխաներն իրենց հետ
Տասներեքամյա Ռոբերտն իր ծնողների ու եղբայրների հետ տնից վերջին անգամ դուրս գալիս մի պահ վազել է դուրս ու հասցրել փոքրիկ տարայի մեջ լցնել իր բակի հողը:
«Մեքենայում էլ տեղ չկար, միայն սա կարողացա վերցնել»,-ասել է Ռոբերտը:
Ռոբերտի ու նրա հասակակիցների մասին պատմությունները ներկայացված են «Յունիսեֆ Հայաստան» ֆեյսբուքյան էջում՝ «Երբ խաղաղություն չկա, ամենաշատը տուժում են երեխաները» խորագրի ներքո։ 30,000 երեխաներ իրենց համայնքներում ռազմական գործողությունների հետևանքով ստիպված եղան լքել իրենց տները: Ընդամենը մեկ շաբաթում նրանք հետևում թողեցին ամեն ինչ։
Տասնմեկամյա Գոռը մայրիկի, հայրիկի, քրոջ ու փոքր եղբոր հետ հաստատվել է տատիկի տանը: Այս ընտանիքն արդեն երեք անգամ տուն է կորցրել: Պիտի փորձեն նորից հարմարվել. նոր տուն, նոր միջավայր, նոր դպրոց, նոր ընկերներ…նորից…
«Դեռ այստեղ ընկերներ չունեմ, իմ այնտեղի դպրոցն ավելի էի սիրում, այնտեղ էին իմ ընկերները, իմ երաժշտական դպրոցը ու իմ ուսուցիչները»,- պատմեց Գոռը, որ իր հետ իր կլառնետն է բերել՝ որպես միակ հուշ իր նախորդ դպրոցից: «Երբ մեծանամ և շինարար դառնամ, մեր տան նման մի նոր տուն եմ կառուցելու մեզ համար, նորից երկհարկանի»:
Ժենյան ևս ստիպված է եղել լքել իր տունը: Իր հետ հասցրել է վերցնել մաքրամեի իր կիսատ մնացած գործը՝ որպես հուշ իր հայրենիքից: Թեև գծագիրը չի վերցրել, բայց վստահ է, որ այն անպայման ավարտի է հասցնելու:
Ժենյան չորս տարի հաճախել է ժանյակագործության խմբակ և ափսոսում է, որ ավարտական հավաստագիր չի ստանալու: «Մնացել էր վերջին տարին, որ հավաստագիրս ստանայի… բայց… եկանք այստեղ…ամեն ինչ կիսատ մնաց, անավարտ…»
Տասներեքամյա Էդուարդը փոխչելիս հասցրել է տնից վերցնել իր բազում մեդալներից մի մասը միայն:
Վեց տարի զբաղվել է կարատեով և հասցրել է բազմաթիվ մեդալներ ու գավաթներ շահել:
«Երանի հետս կարողանայի վերցնել իմ բոլոր մեդալները, իմ բոլոր գոտիները»,- ասաց Էդուարդն ու մի տեսակ խորը հոգոցով շարունակեց, որ անգամ վստահ չէ, կկարողանա այստեղ շարունակել իր սիրելի սպորտը, թե՝ ոչ:
Հարակից հրապարակումներ`
- Հրանտինե Հայրիյան. Ականջներումս Ասկերանի դիսպետչարական կետում ստացած զանգն է՝ մարդիկ գոռում էին, լացում...
- Արցախցի Մարթա Ալթունյանը հանդիսություններն անպայման սկսելու է արցախյան բարբառով
- «Կյանքս մեկ պայուսակի մեջ»․ արցախցի տարեցները Երևանի տուն-ինտերնատում
- Արցախ գնացողից հող կուզեմ փնջերիս համար. Ասկա
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին