Լրագրող Անի Գևորգյանը կարծում է՝ Փաշինյանի ասուլիսից հետո իր եղբոր նկատմամբ գրոհները սկսել են Սուրեն Պապիկյանի հորդորով
«Նիկոլ Փաշինյանի ասուլիսի հաջորդ օրվանից սկսած եղբայրս, որ աշխատում է ռազմական ոստիկանությունում, կապիտան է, հայտնվել է թիրախում»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց լրագրող Անի Գևորգյանը։
Հիշեցնենք, հիշյալ ասուլիսում Փաշինյանին ուղղած հարցից հետո լրագրողն անընդհատ ահազանգում է իր նկատմամբ տեղի ունեցող բռնությունների, դրանց սպառնալիքների մասին։
«Այնքան անպատժելի է մթնոլորտը, որ եղբորս ուղիղ տեքստով ասել են... այս պահին չեմ ցանկանա շատ փակագծեր բացել։ Ամբողջ խնդիրն այն է, որ ասուլիսից անմիջապես հետո, երբ սկսել են թիրախավորվել, ես տեղյակ եմ պահել պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարին՝ հուսալով, որ իրավիճակը շտկվելու է։ Ես մտածում էի՝ մի՞թե այդքան անպատժելի են իրենց համարում, մի՞թե այդքան անփույթ են, որ ասուլիսց հետո անմիջապես սկսում են թիրախավորել։ Ամեն քայլի մասին տեղյակ եմ պահել։ Ասեմ ավելին, պաշտպանության նախարարությանը տեղյակ պահելուց հետո իրավիճակը ոչ թե հանգուցալուծվել է, այլ հակառակը՝ օր օրի նոր գործողություններ են իրականացվել իմ եղբոր հետ կապված։ Սա թույլ է տալիս ինձ ասել, որ լավ էլ այս ամեն ինչը Սուրեն Պապիկյանի հորդորով է»,-ասաց Անի Գևորգյանը։
Լրագրողը նշեց, որ իր ձեռքի տակ կան փաստաթղթեր, որոնք պատրաստվում է հրապարակել։
«Կարծում եմ՝ առաջիկայում բողոքի որոշակի գործողություններ կիրականացնեմ դեսպանատների դիմաց։ Երբ ԱՄՆ-ն, Եվրոպան ասում են՝ Հայաստանը ժողովրդավար է, ես ուզում եմ գնալ ու ուղիղ հարցնել՝ Հայաստանը ժողովրդավա՞ր է։ Այդ ասուլիսից հետո իրականում փորձում են իմ կյանքը դժոխքի վերածել ու պարբերաբեր տեսել եք, թե իմ նկատմամբ ինչ հարձակումներ են տեղի ունեցել հատկապես այն դեպքերում, երբ ես հայտնվել եմ իշխանության միջոցառումներին՝ լուսաբանաման նպատակով։ Իմ նկատմամբ այնքան ակնհայտ է այդ թիրախավորում, որ մեկ ու կես ամսից ավելի է՝ չեն կարողանում գտնել այն մարդկանց, որոնցից մեկը շշով հարվածել է ինձ հետ աշխատող օպերատորին,մյուսը՝ ինձ դրոշով։ Հարվածել են ուղիղ եթերում, բոլորի աչքի առաջ։ Ինձ մոտ կասկածներ են առաջանում, որ գուցե իրավապահ մարմինները չեն գտնում բաց դեմքերով մեզ հարվածած մարդկանց, քանի որ օրինակ դրոշի վրա գրված է եղել «Ասեք, կանենք»»,-մանրամասնեց լրագրողը։
Նա այսօր ֆեյսբուքյան իր էջում ահազանգել էր խնդրի մասին. «Սուրեն Պապիկյան, մեռանք տեղեկացնելով ռազմական ոստիկանության պետի անօրինական գործողությունների մասին, կամ նրան բերեք օրենքի դաշտ ու իմ եղբորը հանգիստ թողեք, կամ ստիպված կլինեմ կոնկրետ փաստեր ներկայացնել Փաշինյանի ասուլիսից հետո իմ ընտանիքի հետ կատարված իրադարձությունների մասին: Ու դեռ ժողովրդավարության մասին եք խոսում»։
Գրառումից չորս ժամ անց՝ Panorama.am-ի հետ զրույցի պահին Ա. Գևորգյանն ասաց, իրավապահ որևէ մարմնից, պաշտպանության նախարարությունից որևէ մեկն իր հետ կապ չի հաստատել։
«Ես էլի եմ կրկնում՝ ունեմ փաստեր, որոնք կվկայեն իմ եղբոր հետ կապված այդ ամենը եղել է ասուլիսից հետո։ Ես այս պահին չունեմ եղբորս համաձայնությունը տեղեկատվությունն ամբողջությամբ հրապարակելու վերաբերյալ, բայց դրանք կհրապարակեմ, եթե չդադարեցնեն իմ եղբոր նկատմամբ գրոհները»,-հայտնեց Ա. Գևորգյանը։
ՊՆ խոսնակին ուղղված հեռախոսազանգերն անպատասխան մնացին. «Բաժանորդի հեռախոսն անջատված է կամ գտնվում ռադիոծածկույթից դուրս»։ Panorama.am-ը կփորձի պաշտպանության նախարարությունից ստանալ տեղի ունեցածի վերաբերյալ մեկնաբանություն։
Հարակից հրապարակումներ`
- Խստորեն դատապարտում ենք լրագրող Անի Գևորգյանի դեմ հարձակումներն ու հետապնդումները․ ՀԺՄ
- Լրագրողներ Անի Գևորգյանն ու Հռիփսիմե Ջեբեջյանը հանցագործության մասին հաղորդումներ են ներկայացրել
- Անի Գևորգյանի նկատմամբ սպառնալիքներ հնչեցվելու վերաբերյալ հրապարակումները դատախազությունն ուղարկել է ոստիկանություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան