Հայրիկի հետ խաղաց մինչև ուշ ժամ. Աստղ Գալեյանը՝ ամուսնու ու կրտսեր որդու հանդիպման մասին
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը դժվարանում է նկարագրել ամուսնու՝ Գարիկ Գալեյանի ու որդու՝ Միխթար կրտսերի հանդիպումը մոտ երկու ամիս բաժանումից հետո։
«Պահն աննկարագրելի էր։ Մխիթարը հիշողությունից լավ է, շատ լավ դիմավորեց, հայրիկի հետ խաղացին մինչև ուշ ժամ, հետո քնել է»,-Panorama.am-ի հետ զրույցում պատմեց Աստղ Գալեյանը։
Գարիկ Գալեյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց փոխվեց երեկվա նիստում՝ նրա նկատմամբ դատարանը նշանակեց տնային կալանք ու 2 մլն դրամ գրավ։
Նոր ընտրված խափանման միջոցի պատճառով Գարիկ Գալեյանի չի կարողացել այցելել Եռաբլուր՝ ավագ որդու շիրիմին։
«Տնային կալանքը, ինչ ասեմ, հավասարազոր է քրեակատարողականի։ Եռաբլուր չի կարողացել գնալ։ Անընդհատ տանջում է այդ միտքն իրեն։ Համարում է՝ որ դա անարդար ու սխալ որոշում է, գոնե այդ սահմանփակումը չպետք է լինի Եռաբլուր այցելելու համար, ինքը հենց դատարանում ասաց՝ հաշվի առեք այդ հանգամանքը, թույլ տվեք, որ ես այցելեմ իմ որդուն, գրեթե երկու ամիս կտրված է եղե Եռաբլուրից»,-ասաց տիկին Գալեյանը՝ ավելացնելով, որ խնդրի մասին բարձրաձայնելու են նաև հաջորդ դատական նիստի ժամանակ։
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, երեկվա նիստում վերացրեց Գ. Գալեյանի նկատմամբ սահմանված կալանքը, որպես խափանման միջոց, կիրառեց գրավը՝ 2 միլիոն դրամի չափով, տնային կալանքը՝ 2 ամսով։ Դատարանը որոշեց ազատ արձակել Գալեյանին՝ հենց նիստերի դահլիճից։
Հիշեցնենք, որ Գարիկ Գալեյանին մեղադրանք է ներկայացվել երկու հոդվածով՝ խմբի կազմում խուլիգանության հատկանիշով և թմրամիջոց օգտագործելու կասկածանքով։ Ընդ որում, խուլիգանության հատկանիշներով մեղադրանքը ներկայացվել է հենց Գալեյանի հաղորդման հիման վրա հարուցված գործով։
Մասնավորապես, 2022թ․ հունիսի 30-ին ՀՀ Գլխավոր դատախազության շենքի մոտ իրականացվող ակցիայի ընթացքում իշխանական սադրիչներից մեկը փորձել էր միջամտել ակցիային, Գալեյանը իր ձեռքի շշով ջուրը լցրել էր նրա գլխին, արարքը որակվել է որպես խմբի կազմում խուլիգանություն։
Միջադեպի ընթացքում վնասվածքներ են ստացել հենց ծնողները՝ Վահիդ Սահակյանը, Գարիկ Գալեյանը, ինչով պայմանավորված էլ հաղորդում են ներկայացրել։
Լուսանկարները՝ երեկցա դատական նիստից, Աստղ Գալեյանի ֆեյսբուքյան էջից։
Հարակից հրապարակումներ`
- Երևի մոտ ժամանակներս տարածք չունեն հանձնելու, դրա համար ինձ բաց թողեցին. Գարիկ Գալեյան
- Վաղը կկայանա Գարիկ Գալեյանի գործով դատական նիստ
- Ազատությո՛ւն Գարիկ Գալեյանին և իշխանության ճնշումների թիրախում գտնվող մեր բոլոր հայրենակիցներին․ Աբրահամյան
- ՄԻՊ-ն առանձնազրույց է ունեցել Գարիկ Գալեյանի հետ
- Զոհված զինվորի հայր Գարիկ Գալեյանը ՔԿՀ-ից պայքարի կոչ է արել՝ կանխելու Արցախի կորուստն ու Հայաստանի մասնատումը