Տեսնում ենք մեր տարածաշրջանում Գերմանիայի կողմից ավելի շատ ներգրավվածություն.Փաշինյանը Բերբոքին
«Շատ ուրախ եմ, որ տեսնում ենք մեր տարածաշրջանում Գերմանիայի կողմից ավելի շատ ներգրավվածություն, նաև մեր հարաբերություններում առկա է նոր դինամիկա»,-կառավարությունից հայտնում են, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանն ասել է Նիկոլ Փաշինյանը:
Անալենա Բերբոքն ասել է. «Սա մեզ համար նույնպես շատ կարևոր է։ Կարծում եմ՝ արդեն կարևոր հանդիպում ենք ունեցել Արտաքին գործերի նախարարությունում, այսօր այցելել եմ նաև Ձեր խաղաղապահ առաքելությանը, լսել եմ հայկական և գերմանական զինված ուժերի միջև համագործակցության մասին, ինչը մեր սերտ համագործակցության կարևոր ցուցիչ է։ Մենք բարձր ենք գնահատում այն հանգամանքը, որ հնարավորություն ունենք այսքան խորքային մտքերի փոխանակություն ունենալ Ձեր կառավարության հետ այս դժվարին ժամանակներում, երբ այդքան կարևոր է համատեղ աշխատել Եվրոպական մայրցամաքի համար»։
Կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ. «Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Գերմանիայի միջև տնտեսական կապերի հետագա զարգացման ու ամրապնդման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը: Մասնավորապես, մտքեր են փոխանակվել էներգետիկայի և այլ ուղղություններով փոխգործակցությունն ընդլայնելու հնարավորությունների շուրջ:
Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի ԼՂ մեր հայրենակիցների բռնի տեղահանությանն ու ստեղծված հումանիտար իրավիճակին, դրա հաղթահարման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերին: Կարևորվել է միջազգային հանրության օժանդակությունը` առկա խնդիրների լուծման գործում: Անալենա Բերբոքը հայտնել է, որ Գերմանիան նախատեսում է Հայաստանին ավելի քան 9 մլն եվրոյի հումանիտար օգնություն տրամադրել: