«Ժողովուրդ». Արցախի ԱԺ նիստ հրավիրելու քննարկումներ են սկսվել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետեւանքով բռնի տեղահանված արցախցի պատգամավորները Արցախի ԱԺ նիստ հրավիրելու վերաբերյալ քննարկումներ են սկսել:
«Ժողովուրդ» օրաթերթը Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամայիս Աղաբեկյանից հետաքրքրվել է՝ արդյոք պատրաստվում են Արցախի ինքնորոշման հարց բարձրացնել կամ որեւէ հայտարարություն ընդունել այդ նիստի ժամանակ: «Նիստի մասին քննարկում կա, այո, բայց ոչ միայն ինքնորոշման մասին, խնդիրը միայն դա չէ: Արցախի Ազգային ժողովը լուծարված չէ, այն պե՞տք է ինչ-որ գործունեություն ծավալի, թե՞ ոչ:
Միայն ինքնորոշման հարց չէ, նաեւ մեր հետագա քայլերի, ճակատագիրը, ի՞նչ է լինելու հետո, ի՞նչ ենք անելու. այս բոլոր հարցերը պետք է քննարկենք», -ասաց Աղաբեկյանը՝ չցանկանալով փակագծեր բացել:
Աղաբեկյանից հետաքրքրվեցինք՝ կապ հաստատել են արդյոք ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցի հետ, որպեսզի նա նիստ հրավիրելու նախաձեռնությանն ընթացք տա. «Մինչ այսօր չի հաջողվել նրա հետ կապ հաստատել»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում