«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը կրկին ակտիվ ռեժիմի է անցել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Տևական ընդմիջումից հետո Նիկոլ Փաշինյանը գրեթե ամենօրյա ռեժիմով վերսկսել է կուսակցական հավաքները։ Այս շաբաթ գրեթե ամեն օր ՔՊ վարչության նիստ են արել: ՔՊ մեր աղբյուրները վստահեցնում են, որ արտառոց ոչինչ չկա` Արցախի խնդրով եւ տեւական ժամանակ կուսակցական հավաքներ չանելու պատճառով բազում խնդիրներ են կուտակվել, որոնք մեկ օրում հնարավոր չէր քննարկել եւ լուծումներ գտնել։
Իսկ մինչեւ Արցախի կորուստը իշխող ուժն ամենշաբաթյա ռեժիմով՝ երեքշաբթի եւ հինգշաբթի օրերին, վարչության եւ նախաձեռնող խմբի նիստեր էր անում՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:
ՔՊ-ն վերջին անգամ վարչության նիստ արել էր ավագանու ընտրությունների հաջորդ օրը՝ սեպտեմբերի 18-ին, որի ընթացքում քննարկվել էին ավագանու ընտրություններում կրած պարտության պատճառները, իսկ նախաձեռնող խմբի նիստ եղել էր օգոստոսի 3-ին: Երեկ նաեւ նախաձեռնող խմբի նիստ է տեղի ունեցել, որին, Փաշինյանից բացի, մասնակցել են նաեւ արտգործնախարար Արարատ Միրզոյանը եւ կառավարության այլ ներկայացուցիչներ:
Քննարկման առանցքում եղել է Փաշինյանի նոր «հայտնագործությունը»` «Խաղաղության խաչմերուկ» թեմայով: Հատկանշական է, որ անգամ ՔՊ-ում լուրջ չեն ընդունում Փաշինյանի շրջանառած այս գաղափարը: Ասում են` խաղաղության դարաշրջանը հորով-մորով արեցինք, հիմա էլ զբաղված ենք նոր տերմիններ հորինելով: Եթե անգամ «խաչմերուկը» «դարաշրջանի» ռեբրենդինգն է, դա եւս գրվելու է սառույցին»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում