Պատրուշև. Փաշինյանը կարող էր Ղարաբաղի մասին հայտարարություններ անել Արևմուտքի ազդեցության տակ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարություններ է արել 1991 թվականի սահմաններում գտնվող Լեռնային Ղարաբաղի տարածքի մասին՝ ակնհայտորեն Արևմուտքի ազդեցության տակ։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը դասախոսության ժամանակ։
«Նա հայտարարեց, որ մենք (Երևանը - խմբ.) ճանաչելու ենք տարածքները (Լեռնային Ղարաբաղի) 1991 թվականի քարտեզի համաձայն... Կարծում եմ, որ նա այդ խոստովանություններն ու հայտարարություններն արել է Արևմուտքի ազդեցության տակ։ Նա բանակցել է նրանց հետ»,- ասել է Պատրուշևը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Թբիլիսիում Փաշինյանը հայտարարեց՝ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայն են սահմանների դելիմիտացիա իրականացնել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա:
«Ալմա-Աթայի հռչակագրի առանցքային իմաստը հետևյալն է.
- Խորհրդային միությունը դադարում է գոյություն ունենալ և Հռչակագիրը ստորագրած 12 հանրապետությունները, ներառյալ Հայաստանն ու Ադրբեջանը, ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, գոյություն ունեցող, այսինքն՝ վարչական սահմանների անխախտելիությունը, և հետևաբար՝ Խորհրդային միության հանրապետությունների միջև գոյություն ունեցած վարչական սահմանները դառնում են պետական սահմաններ:
Ինչպես ասացի, մենք հույս ունենք՝ այս սկզբունքների հիման վրա Ադրբեջանի հետ առաջիկա ամիսներին ստորագրել Խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագիր»,-ասել է Փաշինյանը։