Վարդան Օսկանյան. Սա արդեն անբարոյականության ու դիվանագիտական անմեղսունակության գագաթնակետն է
«Ի հաշիվ Արցախի հանձնմա՞ն, միգուցե Թուրքիային ու Ադրբեջանին միջանցքի տրամադրմա՞ն, անկլավները տալո՞ւն, ի հաշիվ նրան, որ Ցեղասպանությունը մոռանա՞նք»,-այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Հայաստանի նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ պետք է տա Հայաստանը խաղաղության հաստատման համար, Նիկոլ Փաշինյանի կողմից շրջանառության մեջ դրված խաղաղության խաչմերուկին ու հայ-թուրքական սահմանի բացմանը։
Նրա խոսքով, գուցե այս բոլո՞րի հաշվին լինի խաղաղություն։
Օսկանյանը նշեց, խաղաղության ամենամեծ գրավականը կլինի այն, որ Ադրբեջանը համաձայնի՝ արցախահայությանը վերադառնա իրենց տները, իրենց հայրենիքը միջազգային երաշխիքների առկայության դեպքում, թեկուզ ինչ-որ ինքնավարության մակարդակ տրվի, որ կարողանան իրենց անվտանգ զգալ։
«Դա կլինի ամենամեծ քննությունը Ադրբեջանի ու Թուրքիայի համար, եթե իրոք մեր հարևանները ցանկանում են խաղաղություն»,-ասաց Օսկանյանը։
Նրա խոսքով, այսօր մեր գլխավոր օրակարգը պետք է լինի արցախահայության վերադարձն իրենց տներ։
«Նրանք միջազգային օրենքի շրջանակում ունեն այդ իրավունքը։ Մինչդեռ Փաշինյանն ու իր թիմը արհամարհում են այդ։ Ավելին, մի ուրիշ բան են դրել շրաջանառության մեջ, որ եթե մենք այդ հարցը բարձրացնենք, ապա Ադրբեջանը բարձրացնելու է իր քաղաքացիների Հայաստան վերադարձնելու հարցը ։ Բայց սա արդեն անբարոյականության ու դիվանագիտական անմեղսունակության գագաթնակետն է»,-ասաց նախկին ԱԳ նախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում։