Արցախցի անչափահասի կալանավորումը զուտ վախի մթնոլորտ ստեղծելու համար էր. Փաստաբան
Սեպտեմբերին Երևանի կենտրոնում բողոքի ակցիաներին մասնակցած արցախցի անչափահաս Սամվել Միրզոյանը, որն օրեր առաջ դատավոր Վահե Միսակյանի որոշմամբ կալանավորվեց, միակողմանի ծնողազուրկ է, բազմազավակ ընտանիքի յոթ երեխաներից մեկն է։ Նրա մայրը երկրորդ կարգի հաշմանդամություն ունի։ Առողջական խնդիրներ ունեն նաև Սամվելն ու նրա քույրը։
Սամվել Միրզոյանի պաշտպանությունը ստանձնած Աբգար Պողոսյանը Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց՝ կալանավորման որոշումը ոչ իրավաչափ է, այն բողոքարկել են վերաքննիչ դատարան, դեռ որևէ արձագանք չեն ստացել։ Նիստ չի լինելու, գրավոր ընթացակարգով է քննվելու, բայց դեռ չգիտեն՝ ում է մակագրվել։
«Կալանավորումը զուտ ավելի շատ վախի մթնոլորտ ստեղծելու համար էր, որպես կալանքի հիմք՝ ողջամիտ չի էն մտավախությունը, որ անչափահասը որևէ կերպ կարող է ազդել այս վարույթի վրա։ Բնականաբար, մենք իրավաչափ չենք համարում, իրավական մեխանիզմներով հատուկ վերանյաման բողոք ենք ներկայացրել։ Սակայն արդարադատությունից կոնկրետ վարույթով պայմանավորված՝ ակնկալիքներ չունենք»,-ասաց փաստաբանը։
Նա մանրամասնում է, մի դեպքում քննչական կոմիտեն կալանքի միջոնորդությունը հիմնավորում է, որ ապացույցների ձեռքբերման գործում մեծածավալ աշխատանքներ կան, անչափահասը կարող է դրան խոչընդոտի։
«Այդ տեսակետը պաշտպանում է դատարանը։ Անչափահասը կալանավորվում է ու ընդամենը մի քանի օր հետո հայտարարվում է նախաքննության ավարտ։ Հիմա լավ, մենք չենք, դուք եք, ի՞նչ մտածենք։ Պարզ է, որ դա բերվում էր կալանքը ստանալու համար։ Չի կարող մի վարույթով բազմածավալ գործողությունների դեպքում, մի քանի օր հետո նախաքննության ավարտի մասին հայտարարել»,-ասաց Պողոսյանը։
Հիշեցնենք, որ երեկ Քննչական կոմիտեն հայտարարեց՝ սեպտեմբերին Երևանում տեղի ունեցած զանգվածային հավաքներին առնչվող վարույթներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 60 անձի նկատմամբ, 5 վարույթով նախաքննությունն ավարտվել է։
Քրեական հետապնդում է հարուցվել ընդհանուր 60 անձի նկատմամբ, որոնցից՝ 4-ը՝ անչափահաս, 2-ը՝ կին։ Մեղադրյալներից 42-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Հետագայում 14 անձի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինվել է անազատության հետ չկապված այլ խափանման միջոցներով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան