Ավետիք Իշխանյան. Բացարձակապես չեմ զղջում գրառման համար
«Պետք է շատ ավելի վճռական, բիրտ խոսել և գործել դավաճանների դեմ»,-արձագանքելով իր գրառման պատճառով իր դեմ հարուցված քրեական վարույթին՝ հայտարարել է իրավապաշտպան, հրապարակախոս Ավետիք Իշխանյանը։
Նա մանրամասնել է, որ երեկ իրեն զանգահարել է ոմն քննիչ և հաղորդել, որ մեղադրանք է առաջադրվել քր․ օրենքի․ «բռնության կոչ», 330 հոդվածով։
«Մեղադրանքի հիմք է հանդիսացել, ս․թ․ սեպտեմբերի 19-ի գրառումը։ Բացարձակապես չեմ զղջում գրառման համար, նույնիսկ համարում են այն ավելի քան մեղմ է։ Պետք է շատ ավելի վճռական, բիրտ խոսել և գործել դավաճանների դեմ։
Այսօր ամոթ է, եթե քեզ մեղադրանք չեն առաջադրել, ուրեմն դու հարմարվել ես ու հաշտվել հայրենիքի կորստի հետ։ Ստալինյան շրջանում գնդակահարեցին երկու պապերիս ու մի տատիս, բրեժնևյան շրջանում ԿԳԲ էին տանում ու հարցաքննում հորս։ Վերջապես, անկախ կոչվող, իրականում՝ ողորմելի Հայաստանում, գարշապետի ցուցումով, ինձ էլ մեղադրանք առաջադրվեց»,-գրել է նա։
Սեպտեմբերի 19-ին ֆեյսբուքյան իր էջում Իշխանյանը գրել էր. «Չի բացառվում, որ ինչպես 2020թ․, այնպես էլ այսօր սկսված պատերազմը պայմանավորված էր։ Այն ինչ մինչև վերջ չհաջողվեց 2020թ․, այն է՝ Արցախի ամբողջական հանձնումը, փորձ է կատարվում իրականացնել այժմ։ Սրան նախորդեցին վարչապետ կոչեցյալ դավաճանի հակառուսական հայտարարությունները,ԵՄ կոչվող դիտորդները, հայ-ամերիկյան զորավարժությունները, որոնք հիանալի հող ստեղծեցին ադրբեջանական հարձակման համար։
Ադրբեջանը շտապում է, քանի որ իր դրածո դավաճանի աթոռը երերում է։
Միևնույնն է, ի հեճուկս դավաճանների, Արցախը մնալու է կանգուն։
Մա՛հ դավաճաններին»։
Բազմաթիվ մարդիկ՝ հասարակական գործիչներ, փաստաբաններ ու ակտիվիստներ իրենց աջակցությունն են հայտնել Իշպանյանին։ Նախկին դատավոր Զարուհի Նախշքարյանը հայտարարել է, որ պատրաստ է ստանձնել Ավետիք Իշխանյանի պաշտպանությունը։
Փաստաբան Երվանդ Վարոսյանը գրել է. «Խոսքի համար հարուցված քրեական վարույթներով նիկոլական Հայաստանը մրցակից չունի ողջ տիեզերքում... Հիմա էլ ընկան Իշխանյանի հետևից։ Տո դուք ձեր ապուպապերով Ավոյի եղունգը չարժեք, այ երիտբոլշևիկներ»։
Լրագրող Դերենիկ Մալխասյանն էլ գրել է.
«ՔՊ-ական ռեժիմը Հայաստանի ամենասկզբունքային մարդու ու անկաշառ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի նկատմամբ ֆեյսբուքյան գրառման համար քրեական հետապնդում է հարուցել։
ՔՊ-ական խմբակի ղեկավարը փորձում է վրեժ լուծել իրավապաշտպանից սուր ու հասցեական քննադատության համար։
Ավետիք Իշխանյանը այն մարդն է, ով չդավաճանեց իր սկզբունքներին ու այսպես կոչված «իրավապաշտպանների» ու «քաղհասարակության» շատ ներկայացուցիչների նման հպատակության երդում չտվեց իշխանություններին, աչք չփակեց հայրենավաճառության վրա»։
Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար, ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը տեղի ունեցածը համարում է մանր մարդու վրեժխնդրություն. «Ժողովրդավարության բաստիոնում» ֆեյսբուքյան կառավարման շրջանակում քրեական հետապնդման են ենթարկում իրավապաշտպաններին ֆեյսբուքյան գրառումների համար, տվյալ դեպքում «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, «Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան կազմակերպության հիմնադիր Ավետիք Իշխանյանի նկատմամբ։ Ինչպես հենց ինքն Ավետիք Իշխանյանն է ասել, այս օրերին ամոթ է մի քրեական գործով չանցնելը։ Սպասենք մեր «հերթին»...
Սա մանր մարդու մանր վրեժխնդրության հերթական դրսևորումն է»։