Խորվաթիայի ԱԳ նախարարը փորձել է համբուրել Աննալենա Բերբոքին
Խորվաթիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Գորդան Ռադմանը հինգշաբթի օրը Բեռլինում Եվրամիության նախարարների գագաթնաժողովում փորձել է համբուրել Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքին: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «Bild» թերթին։
Ռադմանը սկզբում բռնել է իր գերմանացի գործընկերոջ ձեռքը, իսկ ավելի ուշ այնպիսի շարժում է արել, կարծես ուզում էր համբուրել Բերբոքի շուրթերը, գրում է հրատարակությունը՝ վկայակոչելով գագաթնաժողովից տարածված լուսանկարը։ Սակայն Գերմանիայի ԱԳՆ ղեկավարն արագ խուսափել է։
Ըստ աղբյուրի՝ իրականում այդ միջադեպը տեղի է ունեցել այն պատճառով, որ Խորվաթիայի արտաքին գործերի նախարարը ուշացել է ֆոտոսեսիայից: Այսպիսով, Ռադմանը ցանկացել է ողջունել իր գործընկերոջը, քանի որ այդ ժամանակ բոլոր նախարարներն արդեն բարևել էին միմյանց: Նշվում է, որ նա արդեն ներողություն է խնդրել Բերբոքից։