Արթուր Վանեցյան. Վստահեցնում եմ, որ եղբորս գործունեության մեջ որևէ հանցավոր արարք գտնելն ուղղակի անհնար է
«Ես մասնակից չեմ ոչ Զանգեզուրի կոմբինատի գործերին, ոչ էլ իմ եղբոր բիզնես գործունեությանը»,-հայտարարել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Նման գրառմամբ հանդես է եկել՝ «հաշվի առնելով լրատվամիջոցների, ինչպես նաև բազմաթիվ գործընկերների ակտիվ հետաքրքրվածությունը ՀՀ Գլխավոր դատախազության այսօր տարածած հաղորդագրության, և այդ հաղորդագրությունը Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթում իմ անվան հիշատակմամբ հրապարակմանը»։
«Բայց վստահեցնում եմ, որ Կարեն Վանեցյանի գործունեության մեջ որևէ հանցավոր արարք գտնելն ուղղակի անհնար է: Նույնիսկ այդ հոդվածում սևով սպիտակի վրա գրված է, որ նա որևէ ապօրինություն չի գործել:
Իսկ իմ անվան հիշատակումն ընդամենը աղմուկ ու հնչեղություն ապահովելու և քաղաքական շահարկումներ անելու խնդիր է հետապնդում: Հորդորում եմ այդ փաստին վերաբերվել հումորով:
Վստահ եմ, որ այս հերթական շինծու գործը ևս շատ մոտ ապագայում ձախողվելու է, իսկ շոուն մնալու է չստացված»,-ընդգծել է Արթուր Վանեցյանը։
Հիշեցնենք, որ դատախազությունն այսօր տարածեց հաղորդագրություն, ըստ որի դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Կ.Վ.-ի նկատմամբ փողերի լվացման մեղադրանքով։
«Դատախազը 2023 թվականի նոյեմբերի 1-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Շվեյցարիայի Համադաշնության և Հայաստանի Հանրապետության քաղաքացի Կ.Վ.-ի նկատմամբ՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար (փողերի լվացում):
Քրեական վարույթով պարզվել է, որ Կ.Վ.-ն, հանդիսանալով Կիպրոսի Հանրապետությունում գրանցված՝ ՀՀ ոչ ռեզիդենտ կազմակերպության իրական շահառու, նշված կազմակերպության միջոցով 2018 թվականի հուլիսի 23-ին ձեռք է բերել և տնօրինել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության 12.5 տոկոս բաժնետոմսերը:
Կ.Վ.-ն 1 մլրդ դրամով և 13 մլն ԱՄՆ դոլարով օֆշորային կազմակերպության միջոցով ձեռք է բերել և տնօրինել հանցավոր ճանապարհով ստացված, առանձնապես խոշոր չափերով՝ առնվազն 14 մլրդ 526 մլն 300 հազար դրամ արժողությամբ գույքը:
Նախաքննության ընթացքում Կ.Վ.-ի գտնվելու վայրը պարզել հնարավոր չի եղել: Միջնորդություն է ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան՝ Կ.Վ.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ»,-մասնավորապես ասվածէ դատախազության հաղորդագրության մեջ։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները