Կոպիտ եմ արտահայտվելու․ բնապահպանության փորձագետը՝ սոսու դեպքի մասին
Մաշտոցի պողոտայում հատված սոսի տեսակի ծառերը վանդալիզմի օրինակ է։ Սոսին Կարմիր գրքում գրանցված ծառատեսակ է, բացի այդ, հայերի համար այն արժեքավոր, նույնսիկ՝ հեթանոսական շրջանում համարվել է նվիրական և պաշտելի ծառ։ Այսօր, սակայն, այս շքեղ ծառատեսակի նկատմամբ ընկալումն այլ է։ Այն պարզապես «խանգարում» է կառուցվող հյուրանցին, իսկ ծառի ճյուղերն էտելու համար թույլտվություն է տվել դիմել են «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը, որի մասնագետը, ըստ կանոնակարգի, պետք է հսկեր էտման գործընթացը։
«ՀՈԱԿ-ն ի զորու չէ որևէ նորմալ աշխատանք կատարելու, քանի որ պրոֆեսիոնալիզի լուրջ խնդիրներ կան»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց բնապահպանության փորձագետ Արման Վերմիշյանը։
Նրա խոսքով՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կողմից իրականացվող բոլոր գործողությունները մեղմ ասած՝ սիրողական բնույթի են, որոնք իրականում Երևանի համար մեծ վտանգ են ներկայացնում՝ սկսած ծառերի էտից, վերջացրած՝ ծառատնկման և բուսատնկման աշխատանքներից։
Ինչ վերաբերում է սոսու դեպքին, ապա Վերմիշյանն ասաց․ «Կոպիտ եմ արտահայտվելու։ Նույնիսկ վերջին հայհոյանքներն են ափսոս ասել դա թույլատրողին ու կատարողին։ Սոսի ծառը հայերի համար սուրբ ծառ է, չգիտեմ՝ նման բան անողին ինչ բառերով նկարագրել։ Ազգային պետություն ունենայինք, այդ մարդիկ ամենադաժան ձևով կպատժվեին։ Սրանք արդեն դիպչում են սուրբ ծառերին։ Էմոցիոնալ եմ արտահայտվում, բայց սա այն հարցն է, որ այլ ձև չի կարող լինել։ Այս տեմպերով Երևանն արագ քայլերով կգնա կործանման»։
Անդրադառնալով քաղաքում իրականացվող էտման աշխատանքներին և առհասարակ կանաչապատման գործընթացին, բնության փորձագետը կարծիք հայտնեց․ «Ինձ համար, որպես բնապահպանության փորձագետի և մի քիչ ուրբանիզացիայից հասկացող մարդու, քաղաքի կանաչապատումը լոկ ծառ կամ դեկորացիա կամ ուղղակի գեղեցկություն չէ, այլ՝ ընդհանուր պլանավորման գործիք։ Ամեն ծառատեսակին կամ բուսատեսակին անհատական մոտեցում պետք է ցույց տալ։ Տեսեք, թեղիների հետ կապված իսկապես ունենք խնդիր։ Տարիներ շարունակ խորը էտի միջոցով փորձել են ինչ-որ հարցեր լուծել, սա իհարկե շատ վատ է։ Բայց հիմա ասում են՝ տձև է և քաղաքի տեսքը փչացնում է։ Այո, գուցե տձև է, բայց այդ ծառերն ուղղակի «հերոսական» աշխատանք են անում։ Ես միշտ ասում եմ՝ դաժան պայմաններում մինչև հիմա գոյություն ունեն այդ ծառերը, թեղիներին պարզապես «հերոսի կոչում» պետք է տալ, շարունակում են քաղաքին ծառաայություն մատուցել՝ օդի աղտոտվածության նվազեցման,փոշու, ստվերի տեսանկյունից և այլն։ Հիմա մեր համար ո՞րն է կարևոր՝ այդ ֆունկցիաները, թե՞ դեկորատիվ տեսքը։ Իհարկե խոսքը չի վերաբերում վթարային ծառերին, որոնք կարող են արտաքնապես նորմալ վիճակում լինել ,բայց ներսից՝ փտած։ Այստեղ պետք է ամեն ծառի նկատմամբ անհատական մոտեցում լինի»։
Շարունակելով խոսքը, մասնագետն իր դիտարկումները ներկայացրեց քաղաքի փողոցները մոնոկուլտուրային տեսակներով ձևավորելու քաղաքային իշխանությունների մտադրություններին, նշեց, որ զարգացած երկրներում արդեն այլ տենդենց է։
«Երևանը շատ լուրջ օդի աղտոտվածության խնդիր ունի, այս պայմաններում ասել, թե փողոցները պետք է փոխարինվեն մեկ տեսակի ծառերով, քանի որ տարբեր ծառատեսակներով փողոցը տգեղ է, աբսուրդ է։ Մեզ պետք է, որ այդ ծառերն իրենց ֆունկցիան կատարեն, թեկուզ՝ գեշ։ Գեշ է, սիրունացրեք, բուժեք ու այնպիսի պայմաններ ստեղծեք, որ տեսքի գա։ Իհարկե սա չի նշանակում, որ պետք է խառը ծառատնկումներ կատարվեն, ինչին միշտ դեմ եմ արտահայտվել»։
Ըստ Վերմիշյանի՝ ոլորտում պետք է գործունեություն ծավալեն մասնագետները,միայն այս դեպքում է հնարավոր քիչ,թե շատ մեղմել իրավիճակը։
«Մենք ունենք բոլոր ոլորտներում երկու խնդիր՝ կադրային քաղաքականության և կառուցվածքային, մյուս խնդիրներն ածանցյալ են»,- եզրափակեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Մաշտոցի պողոտայում Կարմիր գրքում գրանցված սոսի տեսակի ծառեր կտրած անձը ձերբակալվել է
- Ծառը մշակել են չորացնող հեղուկներով, հատուկ անցքեր արել, արմատավզիկի շրջանում կեղևազրկել, որ չորանա․ Երևանի ավագանու անդամ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան