Բայրամովն ասուլիսի ժամանակ նկատողություն է արել Գերմանիայի ԱԳ նախարարին
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Երևանից Բաքու մեկնած Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքին դիտողություն է արել համատեղ ասուլիսի ընթացքում։
«Ինտերֆաքս Ադրբեջան»-ը հայտնում է, որ Բայրամովը կոչ է արել գերմանացի գործընկերոջը «հարգանքով վերաբերվել ադրբեջանական քաղաքների անունների հետ»։
Բայրամովին նյարդայնացրել է, երբ գերմանացի նախարարն իր խոսքում ասել է Շուշի և Ստեփանակերտ։
«Այդ անուններով քաղաքներ, որոնք օգտագործեց տիկին նախարարը, չկան։ Պետք է հարգանքով վերաբերվել Ադրբեջանին»,-ասել է Բայրամովը։
Նա նշել է, որ Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ բանակցությունների։
«Բանակցությունների ձևաչափը կարող է լինել ցանկացած կերպ, կարևոր է հասկանալ, որ դա Ադրբեջանի և Հայաստանի հարցն է։ Մենք հայկական կողմին ենք փոխանցել խաղաղության պայմանագրի վերաբերյալ մեր հաջորդ առաջարկները և այժմ սպասում ենք նրանց պատասխանին»,- ասել է Բայրամովը։
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ Թեհրանում «3+3» ձևաչափով նախարարական հանդիպման ժամանակ Արարատ Միրզոյանի հետ քննարկել է հարաբերությունների կարգավորման հարցը. «Իմ հանդիպումը հայ գործընկերոջ հետ այննտեղ նախատեսված չէր, սակայն մենք 40 րոպեից ավելի հանդիպում ենք անցկացրել»։