Գևորգ Դանիելյանը՝ երկրի Նախագահին. Արցախահայության համար ընդունել «Խմբային քաղաքացիության մասին» հրամանագիր
Արցախի Հանրապետությունը՝ թշնամուն հանձնվելուց հետո, այժմ շատ է խոսվում Արցախի պետական ինստիտուտների պահպանման, բնականոն գործունեության ապահովման հարցերի մասին։ Արցախի թատրոն, Արցախի պետական համալասրան, պետական կառույցներ և այլն։ Ինչ պետք է արվի այդ ամենը պահպանելու համար։ Ի՞նչ իրավական մեխանիզմներ կան դրանք պահպանելու ու հենց նույն անունով Հայաստանում գործունեություն ծավալելու համար։
Խրթին հարցին պատասխան ստանալու համար Panorama.am-ը դիմեց պետական գործիչ, իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանին։
Գևորգ Դանիելյան-Հարցն անչափ հրատապներից է, սակայն նախապես անդրադառնամ դրա ակունքներին՝ ինչո՞ւ պետք է պահպանել այդ կառույցները և ի՞նչ չափով ու համատեքստում։ Այս հարցերի նկատմամբ սիրողական մոտեցումները, առավել ևս զուտ ժխտողական պետական քաղաքականությունը, ինչի ականատեսն ենք, առնվազն անընդունելի են։
Խնդիրն էլ ավելի է բարդանում Արցախի մեր հայրենակիցների նկատմամբ խիստ համակարգված տարվող ատելության անպատասխանատու և անպատիժ քարոզարշավի համատեքստում։ Ուստի ակամա հարկ է լինում առավել կշռադատված դիտարկել խնդիրը և առաջադրել այնպիսի լուծումներ, որոնք նպաստելով Արցախի պետականության և արցախահայության ինքնության պահպանմանը, հընթացս չեն օգտագործվի նույն այդ ապազգային ուժերի կողմից՝ նրանց վնասելու և էլ ավելի մարգինալացնելու նկրտումներով։ Մենք պետք է հավասարակշռված ռազմավարությամբ գրավիչ դարձնենք Հայաստանը մեր սիրելի Արցախցիների համար, ոչ թե վերջնականապես հիասթափեցնենք և դրդենք կրկնակի գաղթի։ Ցավոք, սա սոսկ ենթադրություն չէ։
Ինչևէ, հրապարակախոսական հարթությամբ չխորանանք նրբությունների մեջ, միայն նկատեմ, որ ձեր նշած կառույցները պահպանելը խիստ կարևոր է մի քանի առանցքային նկատառումներով՝
ա) Արցախի հարցը իրավական ասպեկտով փակված չէ, այն ընդամենը դարձել է անպատիժ և դեռևս իր ճշգրիտ գնահատականին կարոտ միջազգային հանցագործությունների փաստացի հետևանք,
բ) հայության սթափ ու առողջ հատվածը պետք է ունենա իրավաչափ հիմքեր՝ Արցախի ազատագրումը խելամիտ ու համբերատար կյանքի կոչելու համար,
գ) արցախահայությունը ոչ միայն պետք է զրկված չլինի պետական որոշումներ կայացնելու հնարավորությունից, այլև օժտված լինի իր ինքնությունը պահպանելու իրական հենքերով՝ մշակույթ, կրթություն,
դ) հարկ է ճշգրիտ հաշվառել և արձանագրել շուրջ 157 հազար արցախահայերին (չպետք է անտեսել, որ 56 հազարն արդեն բռնագաղթվել էին 44-օրյա պատերազմից հետո) պատճառված գույքային վնասը և այլն։
Ձեր նշած կառույցները հստակ հարկ է բաժանել 2 մասի՝ իշխանության կենտրոնական պետական մարմիններ և պետական հաստատություններ։ Պետական մարմինների խնդիրը շատերը գիտակցում և ընդունում են միանշանակ, այն է՝ այդպիսիք արտագնա ռեժիմով պետք է շարունակեն իրենց գործունեությունը և ընդունեն առանցքային որոշումներ։
Ինչ վերաբերում է կրթական և մշակութային հաստատություններին, ապա այդպիսիք գրանցման ենթակա իրավաբանական անձինք են, ինչն արդեն ներկայիս պետական քաղաքականության խորապատկերում պարզապես անհնարին է։ Ինքս կառաջարկեի նույն կամ նմանաբնույթ անվանուններով (օրինակ՝ «Արցախի համալսարան», «Արցախի թատրոն», «Արցախի հեռուսատեսություն», «Արցախի պատմության թանգարան» և այլն) ստեղծել ոչ պետական հաստատություններ և շարունակել գործունեությունը։ Վերջին հաշվով, պետք էլ չէ, որ այդ հաստատությունները ստեղծված իրավիճակում լինեն պետական։
Իհարկե, այս ամենի համար անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ։ Ինքս կառաջարկեի հնարավորինս սեղմ ժամկետում հիմնադրել «Արցախի վերածնունդ» հիմնադրամ և կոչ կանեի մեր բոլոր հայրենակիցներին, այդ թվում՝ սփյուռքահայությանը մարաթոն նախաձեռնել և հայթայթել անհրաժեշտ միջոցները։ Հարկ կլինի որոշակի միջոցներ հատկացնել նաև պետական մարմինների հանրային ծառայողների համար։
Հարցերն անչափ տարողունակ են, թույլ տվեք բավարարվեմ այսքանով։ Վերջում կհորդորեի Երկրի Նախագահին՝ գործել իրավիճակին խիստ համահունչ և ղեկավարվելով «Քաղաքացիության մասին» օրենքի 9-րդ և 15-րդ հոդվածներով, ընդունել «Խմբային քաղաքացիության մասին» հրամանագիր, բացառելով արցախահայերին անհարկի քաշքշուկների և նսեմացումների մեջ ներքաշելու հակաօրինական գործառնությունները։
Հարակից հրապարակումներ`
- Գերագույն հոգևոր խորհուրդը խիստ անընդունելի է համարել 7-րդ դասարանի պատմության դասագրքում տեղ գտած անհատական տեսակետները
- ՀՀ իշխանությունը բոլոր սցենարները դիտարկել է, որպեսզի արցախցիներին խոցելի ու բոլոր իրավունքներից զուրկ դարձնի. Մետաքսե Հակոբյան
- Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի բրենդը պետք է պահպանվի. Հակոբ Ղազանչյան
- Արցախի պետական համալսարանը այս պահին չպետք է դիտարկել միայն որպես ուսումնական հաստատություն․ Խաչատուր Ստեփանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան