Էրդողանը Եվրամիությանը մեղադրել է տարօրինակ և անհետևողական գործողությունների մեջ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է՝ ԵՄ-ի նկատմամբ Թուրքիայի վստահությունը սասանվել է նրա «տարօրինակ և անհետևողական գործողությունների պատճառով»։
«Ուշադրություն դարձրեք՝ ո՞վ է այժմ Իսրայելի կողմից և ո՞վ է ռուս-ուկրաինական պատերազմի դիվանագիտական գործընթացներից դուրս։ Եվրոպական Միությունը. Ցավոք սրտի, մեր վստահությունը Եվրամիության նկատմամբ սասանվել է»,- ասել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահը նաև ասել է, որ այլևս չի կարող Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին «իր զրուցակից» համարել` հավելելով, որ Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Կալինը մինչ այժմ կապ է պահպանում Իսրայելի իշխանությունների հետ։
Ավելի վաղ Էրդողանը Իսրայելի կառավարությանը մեղադրել էր մարդկության դեմ հանցագործությունների մեջ։