Մուսինյան. Արծվիկ Մինասյանի հայտարարությունը կեղծիք է
«Արծվիկ Մինասյանի հայտարարությունը կեղծիք է, այսինքն՝ չի համապատասխանում իրականությանը»,-հայտարարել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական գործիչ Ա. Մինասյանի հայտարարություններին։
«Նոյեմբերի 3-ին Սպուտնիկ Արմենիա կայքին տված հարցազրույցում ՀՀ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հետևյալ միտքն է հնչեցրել. «Ազգային կոմիտեի կողմից առաջադրված ժամանակավոր կառավարությունը պետք է գլխավորեր նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը: ... Սակայն այդ ամենին զուգահեռ կար մեկ պայման. բոլոր նախկին նախագահները և կաթողիկոսները պետք է նաև հրապարակային աջակցություն հայտնեին այդ գաղափարին, ծրագրին։ Ցավոք` առաջին նախագահի գրասենյակից բացասական արձագանքը բերեց նրան, որ այս գաղափարը չիրացվեց»:
Տեղեկացնում եմ, որ Արծվիկ Մինասյանի հայտարարությունը կեղծիք է, այսինքն՝ չի համապատասխանում իրականությանը: Առաջին նախագահի գրասենյակը նման առաջարկ չի ստացել»,-հայտարարել է Մուսինյանը։
Նշենք, որ Արծվիկ Մինասյանի հայտարարությունները հերքել էր նաև ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։