Ռուբեն Թաթուլյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
ՌԴ ՆԳՆ-ն գործարար Ռուբեն Թաթուլյանի նկատմամբ հետախուզում է հայտարարել։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
«Իզվեստիան» ավելի վաղ հայտնել էր, որ իրավապահները Սոչիում խուզարկություն են իրականացրել գործարարի նկատմամբ՝ հողօգտագործման ոլորտում միլիարդավոր դոլարների գողության գործով։
«Ռուբեն Ալբերտի Թաթուլյանը հետախուզվում է Քրեական օրենսգրքի հոդվածով»,- նշված է տվյալների բազայում, սակայն չկա հստակեցում, թե կոնկրետ որ հոդվածով։
Նշվում է, որ հետախուզվողն ունի դիվանագիտական անձնագիր, որը տրվել է Աբխազիայում 2020 թվականին։ Առողջարանային քաղաքում Թաթուլյանը հայտնի մարդ է։
Աղբյուրը գրում է, որ 2017 թվականին Թաթուլյանի նկատմամբ սահմանվել են պատժամիջոցներ ԱՄՆ կողմից։ Բացի այդ, սահմանափակող միջոցներ են կիրառվում Սոչիում գտնվող «Վեսնա» հյուրանոցի և Մոսկվայում գրանցված «Նյու Էյջ Մեդիա» ՍՊԸ-ի նկատմամբ, որը պատկանում է կամ վերահսկվում է նրա կողմից։
Մի քանի ԶԼՄ-ներ նրան ներկայացրել են որպես քրեական հեղինակություն, Սոչիի ստվերային տեր, որն առավել հայտնի է Ռոբսոն մականունով։