«Հույս ունեմ էլի Սարուշեն կգնամ, ուրիշ տեղ կարում չեմ կենամ․․․»
Մասիսի գրադարանի նախկին շենքի երկրորդ հարկի միջանցքում դրված փոքրիկ գազօջախի վրա մեծ կաթսայով արցախցի Նելլին ճաշ է եփում․ 11-հոգանոց ընտանիքի համար է։ Ճաշն աղով համեմելուց հետո Նելլին անջատում է գազօջախը, տխուր ժպիտով նայում մեզ ու սենյակ մտնում։ Հենց այդ սենյակում են ապրում Արցախի Ասկերանի շրջանի Սուրուշեն գյուղից բռնի տեղահանված Ալավերդյանների ընտանիքը։
Նելլին Ալավերդյանը եղբայրներից մեկի դուստրն է։ Այստեղ նա բնակվում է որդու, հոր, եղբոր, քրոջ և հորեղբայրների ընտանիքների հետ։ Նրա մյուս եղբայրն այս պահին գտնվում է Իտալիայում․ սեպտեմբերի 19-ին Արցախում վիրավորվելուց հետո պետությունը նրան և մի քանի վիրավոր զինծառայողների բուժման նպատակով ուղարկել է արտերկիր։
Նրա մյուս հորեղբայրը մահացել է Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունի ժամանակ, սակայն նրա դին դեռ չեն գտել։
Նելլիի ամուսինը մահացել է տարիներ առաջ, միակ որդուն միայնակ է մեծացնում։ Ասում է՝ ամեն տարի փորձում էր մի իր ավելացնել, շեն պահել ամուսնուց մնացած տունը։
Սեպտեմբերի 19-ին Նելլին հաց թխելուց է լինում, երբ լսում է հարևանների գոռոցը։ «Ես ոչինչ չեմ զգացել, հարևանների գոռոցից եմ դուրս եկել ու նոր լսել կրակոցների ձայները։ Չէի պատկերացնում, որ կռիվ է։ Մեկ էլ խոխան վազ տալով եկավ, թե մամա կռիվ ա, դուս եկ, ասում եմ բան չկա, բայց երբ հարևանի գոռոցից վազ տվեցի իրենց տուն, արկն այդ պահին տրաքեց ոտքերիս տակ․․․ ու թուլացա։ Հենց էդ գիշեր գյուղից դուրս ենք եկել, անտառներով հասել մեկ ուրիշ գյուղ։ Թե ոնց ենք հասել միտս չի», - պատմում է 36-ամյա Նելլին՝ հիշելով սեպտեմբերյան դժոխային օրերը, բայց միևնույն ժամանակ նշում, որ շատ բան չի հիշում, ոնց որ երազում լիներ, մինչև հիմա էլ չի պատկերացնում, թե ինչպես կարողացան գյուղից դուրս գալ։
Նա հասցրել է իր հետ վերցնել միայն մի քանի փաստաթուղթ, իսկ քույրն ու եղբայրները դա էլ չեն կարողացել վերցնել։
Գյուղից դուրս գալուց հետո նրանք տեղափոխվել են Ստեփանակերտ, մի քանի օր մնացել են ապաստարաններում, իսկ հետո արդեն տեղափոխվել Հայաստան։
Նելլին ամեն օր մտածում է Սարուշեն վերադառնալու մասին, շատ է կարոտում իր ծննդավայրն ու հույսը չի կտրում, որ մի օր էլի իր տանը կլինի։
«Հույս ունեմ, որ կգնամ մեր գյուղ։ Կյանքում թուրքի հետ չեմ ապրի, հենց իմանամ թուրքն էնտեղ չի, կգնամ մեր տուն։ Ուրիշ տեղ կարում չեմ կենամ»,- ասում է Նելլին ու հավելում, որ Հայաստան գալուց հետո անընդհատ հիվանդանում է, կարծում է, որ դա իր գյուղի կարոտից է։
Նրա խոսքով՝ մտքով միշտ իր տանն է, իր գյուղում, որտեղից երբեք դուրս չէր եկել, բայց ավելի շատ մտածում է, որ թուրքերը հանկարծ մոր գերեզմանը չպղծեն։
Նելլին ասում է՝ դեռ չի պատկերացնում, թե ինչ պետք է անի Հայաստանում։ Թեև իրեն դուր է գալիս Մասիս քաղաքը, բայց չի հարմարվում։ Մտածում է, որ աշխատանք գտնելուց հետո հավանաբար կկարողանա հարմարվել։
Նշենք, որ Մասիսի քաղաքապետարանի նախաձեռնությամբ այժմ վերականգնվում է գրադարանի շենքը, այն տրամադրելու են արցախցիներին։ Նելլին մեծ ցանկություն ունի հենց այդտեղ էլ մնա, սակայն հորեղբայրները ցանկանում են տուն վարձել և բոլորով միասին ապրել։
«Երեկոյան երբ հավաքվում են, քննարկում են, թե որտեղ տուն նայեցին, ինչ վիճակում էր, ինչ անեն, ես դուրս եմ գալիս միջանցք, չեմ ցանկանում ոչինչ լսել ու լաց եմ լինում։ Գիտեք, արդեն ինձ համար միևնույն է, թե որտեղ կապրեմ, միայն թե անվտանգ լինենք»,- ասում է Նելլին։
Հարակից հրապարակումներ`
- Մի բուռ հող, մեդալ, մաքրամե. Ի՞նչ են հասցրել վերցնել Արցախից բռնագաղթած երեխաներն իրենց հետ
- Հրանտինե Հայրիյան. Ականջներումս Ասկերանի դիսպետչարական կետում ստացած զանգն է՝ մարդիկ գոռում էին, լացում...
- «Ամեն օր մտքով քայլում եմ Ստեփանակերտի փողոցներով ու հասնում Շուշի»
- Աստծուց էր, որ մեքենաների հետևից չընկանք, չգնացինք բենզինի պահեստ.Արցախցի քարտաշ Մոսի
- Գնացալ եմ գերեզմաններ, ներողություն խնդրալ, մի բուռ հող վերցրալ այնտեղից, եկալ: Էդ է մնացել. Արցախից բռնագաղթած
- 40 ժամ ղեկին անցկացրած 12-ամյա Կարենը որոշել է գտնել իր արցախցի ընկերներին
- «Կյանքս մեկ պայուսակի մեջ»․ արցախցի տարեցները Երևանի տուն-ինտերնատում
- Արցախ գնացողից հող կուզեմ փնջերիս համար. Ասկա