Վեց կին պատգամավոր Տաթև Արցախի համար երաշխավորություններ են տվել
«Պարզվում է գործող իշխանությունն այնքան հաստատակամ է Տաթևիկ Վիրաբյանի քաղաքական հետապնդման ենթարկելու իր ցանկության մեջ, որ դեռևս ունենալով շուրջ 20 օր ժամանակ երեկ դատարանին միջնորդել է երկարաձգել Տաթևի կալանքը»,-տեղեկացնում է Տաթևիկ Վիրաբյանի փաստաբան Արսեն Բաբայանը։
Նրա խոսքով, ակնհայտ է, որ նախաքննության մարմինը շտապում է կատարել իշխանության հրահանգը: Պարզ է դառնում, որ այդ հրահանգն է հնարավորինս արագ և ամեն գնով երկարաժամկետ մեկուսացնել Տաթև Արցախին:
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության 6 կին պատգամավոր Տաթև Արցախի համար երաշխավորություններ են տվել:
«Երկուշաբթի օրը, ժամը 17:00-ին, նշանակված է Տաթևի կալանքի երկարաձգման միջնորդության դատական քննությունը, որի ընթացքում միջնորդելու եմ կիրառել երաշխավորություն խափանման միջոցը և նրան ազատ արձակել կալանքից»,-տեղեկացնում է փաստաբանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը մերժել է Տաթևիկ Վիրաբյանի կալանավորման դեմ պաշտպանների ներկայցրած բողոքը։
Տաթևիկ Վիրաբյանը բերման է ենթարկվել սեպտեմբերի 19-ին Երևանի կենտրոնում հանուն Արցախի պաշտպանության տեղի ունեցած հավաքի ժամանակ։ Իրավապահները հիմնավորում են, որ նա չի ենթարկվել ոստիկանների պահանջին, մասնակցել է զանգվածային անկարգություններին, սոցցացնցերում բռնության կոչեր է հնչեցրել։
Տաթևիկ Վիրաբյանն Արցախից է, պատերազմում զոհվել է նրա եղբայրը՝ Գևորգ Վիրաբյանը։ Ունի երկու անչափահաս երեխա, որոնց հիմա խնամում է տատը։
Փաստաբանն ավելի վաղ հայտնել էր, որ Տաթևիկ Վիրաբյանն անազատության մեջ գտնվող միակ կին քաղբանտարկյալն է. «Իրավաչափ չէ ընդհանրապես կալանքի տակ պահելը, թեկուզ հենց քրեական դատավարության իրավունքի իմաստով, որովհետեւ կալանքի համար հիմքերը ամբողջությամբ բացակայում են, բացի այդ, ձերբակալությունը տեղի է ունեցել ապօրինի»։
Հարակից հրապարակումներ`
- ՔԿՀ-ում պահվող Տաթևիկ Վիրաբյանը կրկին ուշագնաց է եղել
- ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպել են Տաթևիկ Վիրաբյանի հետ
- Կտրուկ վատացել է Տաթևիկ Վիրաբյանի առողջական վիճակը. նա խցում ուշագնաց է եղել
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան