Էրդողանի գլխավոր հակառակորդը 13 տարի անց լքել է պաշտոնը
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության նոր նախագահ է ընտրվել Օզգյուր Օզելը։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, նախկին ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն կուսակցության համագումարում կայացած ընտրություններում պարտվել է։
74-ամյա Քըլըչդարօղլուն կուսակցությունը գլխավորել է 2010 թվականի մայիսից։ Նա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիմնական մրցակիցն էր 2023 թվականի մայիսին կայացած ընտրություններում ։ Միացյալ ընդդիմությունը ներկայացնող քաղաքական գործիչը դուրս է եկել երկրորդ փուլ, որտեղ պարտվել է Էրդողանին։
Նշվում է նաև, որ համագումարը տեղի է ունեցել նոյեմբերի 5-ի գիշերը Անկարայում: Քվեարկության երկու փուլերի արդյունքներով նախագահ է ընտրվել Մանիսա նահանգից խորհրդարանի պատգամավոր Օզգյուր Օզելը:
Մասնագիտությամբ դեղագործ 49-ամյա Օզելը իր ելույթում հայտարարել է, որ մտադիր է կենտրոնանալ մարտի 31-ին նախատեսված մունիցիպալ ընտրությունների վրա. այժմ ընդդիմադիրները գլխավորում են Թուրքիայի մեգապոլիսների մեծամասնության քաղաքապետարանները: Նա նշել է, որ առաջին այցը կկատարի երկրաշարժից տուժած Հաթայ նահանգ, իսկ արդեն երկուշաբթի հանդիպումներ կունենա կուսակցության բոլոր 81 Նահանգների մասնաճյուղերի ղեկավարների հետ ՝ ընտրություններում ռազմավարություն մշակելու համար: