Հայաստանը «Գրին քարտի» դիմողների թվով մի քանի անգամ գերազանցում է Վրաստանին և Ադրբեջանին
Կարինա Տերտերյանն, արդեն չորս տարի է, ինչ մասնակցում է «Գրին քարտի» խաղարկությանը։ Այս տարի նա առաջին անգամ է միայնակ մասնակցում․ նախորդ երեք տարիներին դիմել է ընտանիքի հետ։«Ինֆոքոմը» գրում է, այս տարի Կարինան ամուսնացել է, բայց խաղարկությանը մասնակցում է առանց ամուսնու. վերջինս չի ցանկանում գնալ Հայաստանից։
«Ճիշտն ասած՝ վստահ չեմ [Միացյալ Նահանգներ] գնալու, մշտական բնակություն հաստատելու մասով, բայց համզոված եմ՝ եթե գնամ, այնտեղ Հայաստանից միանշանակ ավելի հեշտ կլինի ապրելը, կարիերա ստեղծելն ու զարգանալը»,- հույս է հայտնում նա։
«Գրին քարտ» շահելու դեպքում մասնագիտությամբ լրագրող Կարինան մտադիր է որոշ ժամանակով մեկնել Միացյալ Նահանգներ և այնտեղ զբաղվել հանրային կապերով, սոցիալական մեդիայի մարքեթինգով (SMM) կամ բիզնեսի զարգացմամբ։ Իսկ կմնա ԱՄՆ-ում, թե կվերադառնա Հայաստան՝ նա դեռ չի որոշել։
Կարինան նշում է, որ իր ընտանիքն այս տարի ևս մասնակցել է խաղարկությանը և ԱՄՆ տեղափոխվելու, երկարաժամկետ բնակվելու մտքեր ունի։
«Եղբայրս փոքր է, ուզում են ամեն ինչ այնտեղ զրոյից սկսել»,- բացատրում է Կարինան։
Լուսանկարչական ծառայություններ մատուցող մի քանի ստուդիաներում «Ինֆոքոմը» զրուցեց «Գրին քարտի» համար լուսանկարահանվողների՝ այս տարվա միտումների մասին։ Լուսանկարիչները նույնպես հավաստում էին, որ 2020թ-ի պատերազմից հետո «Գրին քարտի» համար լուսանկարվողների մեծ մասն, իրենց գնահատմամբ, փոքր տարիքի տղա երեխա ունեցողներն են։
«Գրին քարտը» կամ ժամանակավոր բնակության քարտը հնարավորություն է տալիս ապրել և աշխատել Միացյալ Նահանգներում։ 1990 թ. ԱՄՆ-ում ընդունվել է ներգաղթի մասին օրենք, որով սահմանվել է Բազմազանության վիզաների (DV) խաղարկային ծրագիրը։ Այս ծրագրով, 1995 թ. սկսած, ամեն տարի խաղարկվում է 55 հազար ներգաղթային վիզա:
«Այս խաղարկությունը նպատակ ունի դիվերսիֆիկացնելու ներգաղթը դեպի ԱՄՆ՝ ներգաղթի հնարավորություն ընձեռելով հատկապես այն երկրներին, որոնք վերջին 5 տարիների ընթացքում ԱՄՆ ներգաղթողների ցածր ցուցանիշ են ունեցել»,- նշվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության կայքում:
«Ինֆոքոմը» վերլուծել է վերջին 15 տարիներին Հայաստանից «Գրին քարտի» խաղարկությանը դիմողների թիվը՝ համեմատելով այն տարածաշրջանի մյուս երկրների հետ։
Բոլոր տարիներին, բնակչության թվի հետ համեմատությամբ, Հայաստանից «Գրին քարտի» դիմողների տոկոսը գերազանցել է Վրաստանից և Ադրբեջանից դիմողների թվին։ Վերջին տարիներին Հայաստանից մի քանի անգամ ավելի շատ մարդ է դիմել խաղարկությանը, քան հարևան երկրներից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան