Հույսի ու հավատի մասին. «Ոստրեն ու Մարգարիտը»՝ Վանաձորի դրամատիկական թատրոնի բեմում
Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում նոյեմբերի 22-ին պրեմիերա է՝ Վիլյամ Սարոյանի «Ոստրեն ու Մարգարիտը» մեկ գործողությամբ դրաման։ Այն նվիրված է Վիլյամ Սարոյանի 115-ամյակին։
Ներկայացման բեմադրության հեղինակը Արեն Օսիպյան է։ Դերերում՝ Սարգիս Ավետիսյանը, Սարգիս Ալեքյանը, Մարիամ Ղևոնդյանը, Նոնա Սաֆարյանը, Վահրամ Խառատյանը, Արթուր Պապիկյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Թորոսյանը, Համլետ Գյուլզադյան, Էլֆիք Զոհրաբյան և ուրիշներ։ Պիեսը թարգմանել է Էլֆիք Զոհրաբյանը։
«Ոստրեն ու Մարգարիտը» պիեսի հիմքում ընկած է ընտանիքի պահպանման խորհուրդը: Ընտանեկան դժվարին իրավիճակը գրողը ներկայացնում է Քլարքի որդի պատանի Քլեյի զգացմունքների ու ապրումների միջոցով: Անհոգ երեխան բախվում է կյանքի դժվարությանը: Նրան անհայր մնալու վտանգն է սպառնում, և մոռանալով իր մանկական խաղերն ու անհոգությունը՝ երեխան մտածում է միայն հորը տուն վերադարձնելու մասին: Սարոյան գրողի բարությունը չէր կարող անհայր թողնել փոքրիկ հերոսին: «Ոստրեն ու մարգարիտը» համարվում է «հույսի գրականության» լավագույն սիմվոլիստական գործերից:
Panorama.am-ը հետաքրքրվեց բեմադրության հեղինակ Արեն Օսիպյանից, թե ինչո՞ւ է ընտրվել հենց այս թեման, արդյո՞ք զուգահեռներ կան այսօրվա մեր իրականության հետ, հույսն այսօր բացակայո՞ւմ է և դրա կարիքն ունե՞նք։
«Արդեն ասացիք՝ միանշանակ այսօրվա մեր օրերի հետ կապ ունի։ Պիեսի ընտրությունը կապված է, որ մեծանուն Սարոյանի 115-ամյակն է, բացի այդ, այդ գործը վաղուց ընթերցել էի ու, այսօրվա օրերից ելնելով, մեր երեխաների հույսն ու հավատը պետք է մենք մեր գործով ապահովենք, որ երբեք չկորցնեն իրենց հույսը»,- ասաց Օսիպյանը։
Նա նաև նշեց, որ պիեսում որոշակի փոփոխություններ է արել, ավելացվել են կերպարներ՝ փորձելով ավելի նորովի մոտեցում ցուցաբերել։
«Դերեր են, որոնք մեծ ասելիք ունեն այսօրվա, մեր իրականության մասին»,- ասաց Արեն Օսիպյանը։
«Ոստրեն ու Մարգարիտը» պիեսը լինելու է թատրոնի խաղացանկում։ Այն նաև կներկայացվի Երևանում։
Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Փելեշյանն ասաց, որ ներկայացումն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ։ «Թատրոնի համաշխարհային օրվան ընդառաջ՝ Երևանի քաղաքապետարանն իրականացրել է «Թատերական Երևան» խորագրով դրամաշնորհային մրցույթը։ 23 հայտ էր ներկայացվել, ընտրվել էր 9-ը։ Ընտրված թատերական նախագծերից էր Վանաձորի դրամատիկական թատրոնի «Ոստրեն և Մարգարիտը» ներկայացումը»,- ասաց Գ.Փելեշյանը։
Նա նաև հայտնեց, որ պրեմիերային՝ նոյեմբերի 22-ին, թատրոնի ճեմասրահում նաև սարոյանական ցուցադրություն է լինելու։
Հարակից հրապարակումներ`
- «Մի ֆունտ սիրտ»՝ Վանաձորից Մոսկվային դերասան Արամայիս Սարգսյանի մատուցմամբ
- Վանաձորի դրամատիկական թատրոնի «Մի ֆունտ սիրտ» բեմադրությունը կներկայացվի միջազգային փառատոնի
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան